Հեղափոխությունից հետո օրվա իշխանությունները հայտարարում էին, որ նախկինների հետ մերժվել է նաև այդ նախկիններին բնորոշ կրիմինալ բարքերը, այն, որ տարատեսակ կալիբերի պաշտոնյաներ հաճախ էին հայտնվում ռազբոռկաների, ծեծկռտուքների կամ նմանատիպ այլ պատմությունների կիզակետում: ՔՊ-ականները խոստանում էին այդպիսին չլինել, սակայն, ժամանակը ցույց տվեց, որ կրիմինալ բարքերով և բեսպրեդելով այս իշխանությունները ոչնչով չեն զիջում նախկիններին, իսկ գուցե նաև խփում են վերջիններիս ռեկորդները:
Երեք տարվա մեջ բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին, երբ նմանատիպ պատմությունների կենտրոնում հայտնվեցին իմքայլականները: Աժ-ի հայտնի ծեծկռտուքը՝ Սասուն Միքայելյանի և Վահե Ղալումյանի մասնակցությամբ, ընդդիմադիրների ծեծը' Սիսակ Գաբրիելյանի կողմից, լրագրողի ծեծը' նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի և վերջինիս վարորդի անվան հետ կապվող ծեծկռտուքը, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի աշխատակիցների կողմից վերջինիս վարսավիրին ծեծի ենթարկելու դեպքը, Շենգավիթի թաղապետը արդեն մի քանի անգամ է հայտնվում ծեծին առնչվող սկանդալների կիզակետում, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը ծեծի էր ենթարկել «Իրավունքի Սահման» ՍՊԸ-ի տնօրենին:
Նշված դեպքերից և ոչ մեկում պաշտոնյաները չեն հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: Քրեական գործ կամ պարզապես չի հարուցվել, կամ ջրվել է կամ էլ, ինչն էլ ավելի զավեշտալի է' հենց ՔՊ-ական պաշտոնյաներն են հայտնվել տուժողի կարգավիճակում: Ինչպես տեսնում ենք' նախկինների բարքերը ոչ միայն չեն վերացել, այլև նոր թափով վերածնվել են նորերի՝ հեղափոխականների մեջ...