Օրերս ոստիկանությունն Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի գրպանից կաթուցիչ է (պիպետկա) գտել։ Պողոսյանը լրատվականների հետ զրույցում հայտնել է, որ ինքը եթե կաթուցիչ կամ նման բաներ է տեսնում' վերցնում է, հետո գցում է, որպիսի երիտասարդները չտեսնեն։ Այս անգամ էլ պարզապես մոռացել է գցել և ոստիկանությունը ուժեղացված ծառայության ընթացքում իր գրպանից գտել է այն։ Պողոսյանի անցյալում նման դրվագներ ևս եղել են: Նրան կարելի է հիշել Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործից։ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Արդյունքում ամբաստանյալ Ներսես Պողոսյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2016 թվականի մայիսի 31-ից: Պողոսյանը պատիժը կրելուց հետո կրկին միացել է այն թիմին, որի պատգամավորներն իր համար միջնորդություն էին ներկայացրել։
Ինչպես հասկանում ենք' ՔՊ-ական պաշտոնյաների մոտ սովորություն է դարձել օրենք խախտել, այնուհետև դա ներկայացնել որպես բարի գործ, ինչպես ասում են՝ հանուն ժողովրդի արված քայլ: Այսպես ՝ Պողոսյանը երիտասարդներին էր փրկում պոտենցիալ թմրամոլությունից:
Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ զինված ռազբորկա է տեղի ունեցել Թոխմախի գերեզմանատանը որին մասնակցել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Այնուհետև իրավիճակը ներկայացվեց այնպես, որ վերջիններս ոչ թե եղել են զինված բախման գործող անձինք, այլ օգնություն են ցուցաբերել վիրավորներին: Իսկ թե ինչ էին անում թաղապետերն այդ ուշ ժամին գերեզմանոցի մոտ՝ իհարկե մութ մնաց, սակայն թաղապետերից փրկիչների կերպարը կերտվեց շատ օպերատիվ:
Մամուլը գրել էր, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Տիգրան Գալստյանի տեղակալը անվտանգության հսկողությունը շրջանցելով զենք է մտցրել Ազգային ժողովի տարածք՝ ցույց տալու համար, որ անվտանգության համակարգը լավ չի աշխատում: Գալստյանն, իհարկե, հերքեց այդ տեղեկությունը: Խոսքը, ի դեպ, Լիլիթ Մինասյանի մասին է, ով այդ դրվագից կարճ ժամանակ անց նշանակվեց հայտնի Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար, իսկ այսօր արդեն ԱԺ պատգամավոր է:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր հերթին ԱԺ շենքի դիմաց բացահայտ ծեծի էր ենթարկել բողոքի խաղաղ ակցիա իրականացնող ընդդիմադիրներից մեկին: Իհարկե, արդյունքում դա ներկայացյվեց որպես ինքնապաշտպանություն, Գաբրիելյանն էլ ճանաչվեց ոչ թե մեղադրյալ, այլ' տուժող:
Վերջին շրջանում ՔՊ-ական փրկչի դերում առավել հաճախ հայտնվում է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով այսպիսով փորձում է փոխել իր անձի շուրջ ձևավորված բացասական շղարշը՝ կապված վերջինիս կողմից համավարակի դեմ պայքարը տապալելու հետ: Թորոսյանը մեկ հայտնվում է ինքնաթիռի սրահում և բուժօգնություն է ցույց տալիս ուղևորներին, մեկ էլ շատ պատահական հայտնվում է ճանապարհային պատահարի կիզակետում և այստեղ նույնպես վերհիշում է իր մասնագիտական հմտությունները:
Ուշագրավն այն է, որ երբ վերը նշված խախտումները կատարում են շարքային քաղաքացիները, հատկապես ընդդիմադիր հայացքի տեր քաղաքացիները, ապա այդ դեպքում իրավապահների պատժիչ մեքենան շատ արագ է գործի դրվում և անձը հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում: Իսկ ՔՊ-ականներին, ըստ էության, կարելի է գրպանում կաթուցիչներ պահել, զենք անցկացնել ԱԺ, ծեծի ենթարկել ընդդիմադիրներին, ռազբորկաներ անել գերեզմանոցներում և այդ ամենը ներկայացնել՝ «ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում» զավեշտալի տրամաբանության տակ...