Հայաստանի հեղափոխական իշխանություններն արդեն երկու տարի է` փորձում են համոզել, որ իրենք որակապես տարբերվում են նախկիններից` նախ և առաջ՝ իրենց թափանցիկությամբ, ժողովրդին մոտ լինելու ցանկությամբ: Եվ, իսկապես, հեղափոխությունից մի քանի ամիս անց մեր թավշյա պաշտոնյաներն ի ցույց էին դնում ժողովրդից մեկը լինելու հանգամանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հեծանիվ էր վարում: 



Իսկ ահա հեղափոխությունից երկու տարի անց նույն վարչապետ Փաշինյանը 300 մետր ճանապարհն անցնում է զրահապատ մեքենաներով: 

Երկու տարի անց Փաշինյանի թիկնապահները չեն թույլատրում հպարտ քաղաքացիներին մոտենալ վարչապետին: 


Պատերազմից և կապիտուլյացիոն ակտից հետո Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես է կտրվել իրենց 80 տոկոս քվե ապահոված քաղաքացիներից: Նրա առանձնատան դիմաց ուժեղացված ծառայություն են իրականացնում իրավապահները: 


Փաշինյանի ավտոշարասյան անվտանգությունը ապահովելու համար վերջինիս ընթացքի ժամանակ փակվում են կենտրոնական բոլոր փողոցները: Այլևս վարչապետը ոչ միայն չի զբոսնում, այլ նաև պարալիզացնում է ողջ քաղաքը՝ ապահովելով իր անձի անվտանգությունը, կարմիր լույսին կանգնելու խոստումն էլ հերթականն էր՝ տրված և չկատարված բազմաթիվ խոստումների շարքում: 


Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել էին մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ: 


Օրեր առաջ էլ Փաշինյանը իր փոքրաթիվ աջակիցների հավաքին էր ներկայացել զինվորականներով շրջապատված՝ ինչը չվրիպեց հանրության ուշադրությունից: 


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նույնպես հեծանիվի մեծ երկրպագուներ էին: 


Հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, իր ոլորտը գլխովին տապալած Արսեն Թորոսյանը նախընտրում է երթևեկել 7 միլիոն դրամ արժողությամբ Պռադոյով: Իսկ Գարիկ Սարգսյանի թիկնապահները պարբերաբար հայտնվում են սկանդալների կենտրոնում՝ քաղաքացիներին ծեծի ենթարկելու պատճառով:


Հայկ Մարությանը ժամանակին խոստանում էր աշխատանքի գնալ բացառությամբ երթուղայինով: Անգամ մեկ դեպք եղավ, որ պահեց իր խոստումը: Սակայն, դա առաջին և վերջին դեպքն էր: 


Նույնը կարելի է ասել նաև ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանի մետրոյով գործից տուն գնալու մասին: Նման մեկ դեպք է եղել, իսկ հիմա տեղեկություն է տարածվում, որ նա շրջում է թիկնապահներով, դեռ մի բան էլ ոստիկանական ուժեր է տեղակայել իր տան մոտ, թերևս, վախենալով ԲՈՒՀ-ից դուրս մնացած երիտասարդների ցասումից: 


Թավշյա պաշտոնյաների շոուները շատ արագ սպառվեցին, և վերջիններս դարձան այն նույն կարգի օլիգարխիկ չինովնիկներ, որոնց այդքան ջանասիրաբար մերժում էին հեղափոխության օրերին: Հեղափոխական էյֆորիայի սպառմանը զուգահեռ սպառվել է նաև հեղափոխականների ՝ ժողովրդի ծոցից ելած լինելու իմիտիացիա անելու ցանկությունը: Իրենց իսկ ձևակերպմամբ՝ քյասիբ հեղափոխականները այսօր ոչնչով չեն տարբերվում այն նախկին պաշտոնյաներից, որոնց բարքերը մերժելու և արմատախիլ անելու նպատակով էլ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Պատերազմից հետո էլ Հայաստանի իշխանությունները, հասկանալով իրենց քադաքականության հետևանքները և ըստ այդմ՝ ժողովրդի ցասումը և վարկանիշի սրընթաց անկումը, այդ նույն ժողովրդից այսօր պաշտպանվում են թիկնազորների բանակներով և ավտոշարասյուններով…