Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ: Սակայն, հենց այդ նույն իշխանություններն ամենատարբեր կալիբրի չինովնիկների միջոցով առիթը բաց չեն թողնում իրենց իսկ հայտարարությունները կասկածի տակ դնելու համար: Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից` մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու:
Դիցուք՝ հուլիսի 23-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գռեհիկ բառապաշարով վիրավորական գրառում էր կատարել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հասցեին: Կարապետյանը՝ իր խոսքերով` «երկու կոպեկ պետական նպաստի խաթր բարեկեցիկ գոմիկըստաններում ծվարած պորտաբույծ տխմարամիտներին» փորձել էր «հասկացնել», որ իրենց ագրեսիվ ակցիաները երկիրը չեն պաշտպանում: «Իրենց ինֆանտիլ վարքով վնասում են երկրին ու ժողովրդին: Շարունակեք լռվցնել ձեր լագերներում, ու աշխատեք շատ աչքի չնկնել, դա մեզ ավելի շատ օգուտ կտա»,- գրել էր Կարապետյանը:
Նմանատիպ գրառում էլ խոսնակը արել էր ամիսներ առաջ՝ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»:
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հատուկ թերհասների համար! Հայկ և Նաիրի Սարգսյաններն իմ ընկերներն են։ Ու են որ Հայկը խախտել էր պարետի որոշումը (որի համար տուգանվել է) ձեզ իրավունք չի տալիս ավել պակաս հաչալու։ Ձեզ էլ եմ հասկանում ո՞նցա կարելի Սևան գնալ ու հասարակ լողափին ժողովրդի հետ ուրախանալ, առանց հաստավզերի, առանց կոկայինի, առանց մի քանի միլիոն դոլարներ կրվելու։ Ախր շատ հարամ ենք է, ամեն ինչ փոխում ենք։Ապրե'ք ձեր կյանքով ճնճղուկներ»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վիրավորում էր ԶԼՄ ներկայացուցիչներին` հայտարարելով, որ եթե նրանք քննադատում են իշխանություններին` նշանակում է` սնվում են ինչ-որ մեկի գրպանից: Սա այն դեպքում, երբ Բաղդասարյանն ինքն էլ ժամանակին զբաղվել է լրագրությամբ, իսկ լրագրողական համայնքը հեղափոխության օրերին ամենայն փութաջանությամբ լուսաբանում էր Փաշինյանի և իր թիմակիցների գործողությունները:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ինքապարգևատրման մասին վերջերս հրապարակում արեց «Հետք» պարբերականը, սակայն մարզպետը այն որակեց ապատեղեկատվություն այն դեպքում, երբ դա ապացուցող փաստաթուղը լրատվականին տրամադրել էին մարզպետարանից: Դա էլ քիչ էր, նա վիրավորական արտահայտություն էր արել լրագրողի հասցեին:
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր. «Վարչապետի հրաժարական պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքներին առնել մորթել»։ Կարճ ժամանակ անց նա խմբագրել էր գրառումը՝ հանելով «ընտանիքներին» բառը։ Գրառումը լայնորեն տարածվելուց և հասարակական կոշտ քննադատության արժանանալուց հետո հեռացվել էր:
Իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ծաղրում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտահոգություններ ունեն Իրանում տարածվող նոր տիպի կորոնավիրուսի մասով։ «Վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։