Lragir.am. Երբեւէ հետեւե՞լ եք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմքերին, երբ նրանք զրուցում են շարքային քաղաքացիների հետ ու լսում նրանց բողոքներն ու մտահոգությունները; Իբր լսում են, որովհետեւ նայելով դեմքերին՝ ակնհայտորեն երեւում է, որ նրանք այդ մարդկանց չեն լսում: Որովհետեւ լսելու դեպքում, պաշտոնյայի դեմքին պետք է ամոթ արտահայտվի, ոչ թե կիսահեգնական ժպիտ:
Ժպտալու ի՞նչ կա այն բողոքի մեջ, որ արտահայտում են քաղաքացիներն իրենց սոցիալական կամ իրավական խնդիրների հետ կապված: Այդ խնդիրները պարզապես խնդիրներ չեն: Դրանք մարդկանց հասցնում են արդեն հոգեբանական այլայլվածության շեմին, շատերն անցնում են այդ շեմը, ընտանիքներում ի հայտ են գալիս հոգեբանական ճգնաժամեր, որոնք խեղում են այնտեղ ապրող երեխաներին, հասարակությանը «մատակարարելով» ծանր մանկությամբ հերթական բարդույթավորված սերունդը, որը ստեղծագործելու, արարելու փոխարեն ավելի հակված է քանդելուն:
Շարքային քաղաքացուն լսող բարձրաստիճան պաշտոնյան ժպտում է, նույնիսկ կատակում նրա հետ, քանի որ այդ պահին նա խնդիրների խորքային տրցակը ոչ միայն չի պատկերացնում, այլ չի էլ մտածում այդ մասին: Նա այդ պահին չի եկել քաղաքացուն լսելու, նա եկել է նրան հանգստացնելու եւ իրեն ցույց տալու: Իսկ լսելն ու հանգստացնելը, առավել եւս ինքզինքը ցույց տալը, տարբեր բաներ են: Կարելի է թվարկել կոնկրետ անուններ, սակայն քանի որ չկա մեկը, ով տարբերվի այդ վարքագծից, անունները դառնում են անիմաստ: Այդպես են վարվում բոլոր պաշտոնյաները: Անգամ երբ նրանք հոգս են հաղորդում իրենց դեմքին, նրանք ընդամենն ինքզինքն են ցույց տալիս եւ փորձում ընդամենը հանգստացնել քաղաքացուն, ոչ թե լսել նրան:
Քաղաքացուն լսելու ունակ պաշտոնյան կկայացնի գեթ մեկ համակարգային որոշում, որը ոչ թե զուտ տվյալ բակի, փողոցի կամ թաղամասի բնակչի խնդիրը կլուծի, այլ երկրում կլուծի այդ խնդրի համատարած սփռվածության հարցը կամ կկանխարգելի: Մինչդեռ, պաշտոնյաները հանդիպում են մի խմբի հետ, մի քանի օր անց նույն խնդիրը սրվում է մեկ այլ խմբի մոտ, ինչը նշանակում է, որ պաշտոնյան քաղաքացուն չի լսել, չի լսում, չի էլ ուզում լսել՝ պարզապես հանդես է գալիս ցուցադրական ելույթով, որն ուղեկցվում է դեմքի մեծահոգի ժպիտով՝ տեսեք, ես իջել եմ իմ բարձունքից ու եկել ձեզ հետ խոսելու, ձեզ լսելու:
Իրականում, դա նաեւ ինքնահաստատման բարդույթի դրսեւորում է: Գալով քաղաքացիների մոտ ու իբր լսելով նրանց, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց զգում են ճակատագրի տիրակալներ ու իրենք իրենց աչքին բարձրանում են: Ընդ որում, քանի որ պատմությունը ճակատագրի հիմնականում չար տիրակալների է արձանագրել եւ նրանց մասին տեղեկությունը փոխանցել սերունդներին, Հայաստանի պաշտոնյաները դաս քաղած ժպիտով փորձում են ներկայանալ բարի տիրակալի իմիջով: Եթե հասարակությունը չզարմանա էլ դրանից, իրենք իրենց վրա կզարմանան, որ այդքան բարի են ու ժպտում են մեծահոգաբար:
Երբեմն իհարկե նրանց ժպիտը հարուցում է բողոքի կոլորիտը: Այսինքն, դժգոհ քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք բավական կոլորիտային դեմքեր են, յուրօրինակ, նույնիսկ կոմեդիայի ժանրի պատրաստի դերասաններ՝ ակամայից իհարկե, որովհետեւ այդ մարդիկ չեն խաղում, նրանք ապրում են, կամ ավելի ճիշտ տառապում իրենց հոգսերով: Այսինքն, մարդամեջ դուրս գալով, պաշտոնյաները մի քիչ էլ ցրվում են, թոթափում գրասենյակային լարվածությունն ու «գաղջը»:
Անում են ամեն ինչ, բացի քաղաքացիներին լսելուց: Լսելը կեղծ է, իսկ քանի որ այդ հանդիպումների բուն նպատակը պետք է լինի լսելը, ստացվում է, որ կեղծ են հանդիպումներն ինքնին: Եվ դա բնական է, որ այդ հանդիպումները կեղծ պետք է լինեն, որովհետեւ եթե դա կառավարման սկզբունք է, ապա պաշտոնյաները պետք է գրասենյակներից ավելի շատ փողոցներում ու բակերում լինեն, կամ այնտեղ տեղակայեն գրասենյակները, քանի որ խնդիրները համատարած են՝ ոչ թե մեկ կամ երկու բակում:
Այնպես որ, մեկ կամ երկու բակ, գյուղ, քաղաք, շրջան այցելելով ու մի քանի քաղաքացու հետ հանդիպելով, կառավարման արդյունավետության հարց չի լուծվում: Եթե կառավարիչը՝ տվյալ դեպքում բարձրաստիճան պաշտոնյան, ինֆորմացիայի, իրավիճակի իսկությունը ստուգելու համար ունի ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցվելու կարիք, ապա նա այդ կարիքը պետք է ունենա անընդհատ եւ բոլոր հարցերում: Հետեւաբար մեկ երկու այցերն ու հանդիպումները կոսմետիկա են կամ PR, կամ էլ պարզապես անարդյունավետ կառավարման պոպուլիստական շղարշ:
Իսկ եթե այդ կարիքը չկա, ապա կատարվածն առավել եւս կոսմետիկա է, PR կամ շղարշ, որովհետեւ այդ դեպքում հարցեր լուծող պաշտոնյան հարցերը պետք է լուծի առանց այդ քարոզչական զեղումների: Լուծումն ինքնին կդառնա քարոզչություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ