Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ ՀՀԿ-ականների զինված ռազբորկաները Հայաստանը վեր են ածել փոքր Սիցիիլայի, քննադատում էր նման պահվածքը, պահանջում հրապարակավ դատել, պաշտոնից զրկել այդ դեպքերում ներգրավված բոլոր գործող անձանց: Մի հարցում Փաշինյանը ճիշտ էր՝ նման վենդետաները նախկինում գրանցվում էին գրեթե յուրաքանչյուր տարի:
Դեռ 2009-ին Քանաքեռ-Զեյթունի համայնքի հանրապետականները, ՀՀԿ-ական թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդու գլխավորությամբ, մահակներով զինված հարձակվել էին նույն համայնքում գործող ԲՀԿ-ի նախընտրական շտաբի վրա: Ժամեր անց ԲՀԿ-ականները, հակահարված տալու համար, գրոհել էին «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ տեղակայված ՀՀԿ-ի նախընտրական շտաբի վրա: Քրեական գործ այն ժամանակ չհարուցվեց, որովհետև շտաբերը հայտարարեցին, որ իրենց վրա հարձակում տեղի չի ունեցել: ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը, 2015 թվականին ձերբակալվել էր նույնպես կրակոցների համար: 2015-ին Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած հայտնի կրակոցների գործով կասկածվում էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից Մարտուն Կարապետյանը, ով Էրեբունի վարչական շրջանում առավել հայտնի էր Կյաժ Մարտուն մականվամբ: 2006-ին Արտաշատում կրակոցներ էին հնչել: Միջադեպի մանրամասների հետ կապված թվարկելով Արտաշատի գազի գրասենյակի տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ազգականների անունները, թերթերից մեկը նշել էր. «Ճակատագրի հեգնանքով այնպես է ստացվում, որ 2003-ի փետրվարի 4-ին Հայկ Բաբուխանյանին դանակահարած նույն հանցախմբի անդամներն այժմ իրար են հոշոտում»: ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շամսի որդին` Դավիթ Մովսիսյանը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ, ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով։
Թվում էր, թե նման զինված վենդետաները Նոր Հայաստանում տեղ չպետք է ունենային, սակայն միայն թվում էր: Դիցուք՝ երեկվանից մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետևանքով զոհի և վիրավորների մասին տեղեկություններով։ Հոլովվում են պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների անունները: Զինված ռազբորկայի կիզակետում էր հայտնվել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին` Կարեն Պողոսյանը, ով երկար ժամանակ թաքնվում էր իրավապահ մարմիններից: 2019-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակ են մուտք գործել ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Ծեծուջարդ է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ: Այնուհետև հայտնի դարձավ, որ տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործ, Սափեյաններից Տավրոսը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Ամիսներ անց Տավրոս Սափեյանին Փաշինյանը նշանակեց Թալինի համայնքապետ: Արարատի ներկայիս համայնքապետ Ասլան Ավետիսյանը անցնում է Մարտի 1-ի գործով, տարիներ առաջ դատարանը դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն է ցույց տվել: Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ զինված ռազբորկա է տեղի ունեցել Թոխմախի գերեզմանատանը, որին մասնակցել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Այնուհետև իրավիճակը ներկայացվեց այնպես, որ վերջիններս ոչ թե եղել են զինված բախման գործող անձինք, այլ օգնություն են ցուցաբերել վիրավորներին: Իսկ թե ինչ էին անում թաղապետերն այդ ուշ ժամին գերեզմանոցի մոտ՝ իհարկե մութ մնաց, սակայն թաղապետերից փրկիչների կերպարը կերտվեց շատ օպերատիվ:
Ինչպես տեսնում ենք՝ ավանդույթները շարունակվում են և Հայաստանը Սիցիալիայի վերածած նախկիններին մերժելով իշխանության եկած հեղափոխականներն անգամ զինված ռազբորկաների և վենդետաների հարցում չեն ցանկանում զիջել այդ նույն նախկիններին` վերարտադրելով այն նույն վարքագիծը, որը վերացնելու խոստումներով եկել էին իշխանության...