«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակային ակտիվությունն անգամ ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, հատկապես՝ կնոջ, որը, ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, աճում է: Նրա հայտնվելը երեւանյան փողոցներում' լանջաբաց հագուստով, սելֆին, որը բուռն արձագանքի է արժանացել ոչ միայն իշխանություններից դժգոհ շրջանակներում, այլեւ՝ իշխանական։
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ պատգամավորների շրջանում քննարկել են տիկնոջ երեւանյան զբոսանքը, վարքը, տեսքը եւ արձանագրել, որ «Աննան համը հանում է»: Մեր աղբյուրը տրտնջաց․ «Մեզ ասում են՝ հանրային վայրեր շատ դուրս մի եկեք, զուսպ եղեք, մի բորբոքեք մարդկանց, իսկ իրենք բզբզում են մեղվի փեթակը»։
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել ակտիվ բլոգերություն անել եւ մարդկանց նյարդերի հետ խաղալ: Երեկ' լույսը դեռ չբացված հեծանիվ վարելու կադրերը եւ հետո' կոչ-հրավերը, որ եկեք ինձ հետ հեծանիվ վարելու Երեւանի փողոցներում՝ բնականաբար, ախրանայի ուղեկցությամբ, ըստ ամենայնի, մի նպատակ ունի' հանրությանը ներշնչել, որ ինքը դեռ վայելում է լայն զանգվածների սերը եւ չի պատրաստվում հրաժարական տալ»: