Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 28-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Աբխազիայի հետ հարաբերությունները զարգանում են բնական ձեւով, ինչի վկայությունն են խորհրդարանական պատվիրակությունների փոխադարձ այցերն ու հանդիպումները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբխազիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բոլոր ռեսուրսները՝ համագործակցությունն ընդլայնելու ու բազմակողմանի դարձնելու ուղղությամբ:
Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել չճանաչվածության կամ մասնակի ճանաչվածության պայմաններում այլ երկրների հետ շփումների, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, փոխնախագահ Դավիթ Մելքումյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: