Գործարանն աշխատելու դեպքում հրդեհը կբացառվեր, քանի որ աշխատանքային կոլեկտիվը կկարողանար բավարար աշխատուժի առկայության պայմաններում հետամուտ լինել տեխնիկայի անվտանգությանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը՝ անդրադառնալով երեկ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհին:
 
Նա նշեց, որ իրենց՝ նաիրիտցիներին, ցավ է պատճառում իշխանությունների անտարբերությունը, սնանկության կառավարչի գործելաոճը. «Սնանկության կառավարիչն ինչքան հնարավոր է արագ՝ ապամոնտաժում և օտարում է կատարում (կարծես մրցման մեջ մտած լինի): Այս ամենի հետ` դարձյալ իշխանությունների անտարբերությունը բազմիցս նաիրիտցիների կողմից բարձրաձայնված բողոքներին` անպետք սարքավորումների հետ միասին պետքականի ու արժեքավորի օտարումը (վաճառքը)` որպես մետաղի ջարդոն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շատ կցանկանային 
, որ ՀՀ իշխանությունները սրտացավ մոտենային մեր երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթացի: Բիզնես դիտելուց առաջ` նախ մտածեին, որ դա անում են իրենց հայրենակցի համար:
 
Գործարանի նախկին աշխատակիցը վերհիշեց դեռևս 8 տարի առաջվա պայթյունը. «Ցավով եմ հիշում, քանի որ մարդկային զոհեր եղան: Ամենակարևոր, հիմնական պատճառներից մեկը՝ ներդրումների փոխարեն (միլիոնավոր դոլարների մասին է խոսքը) այդ գումարները փոշիացնելն էր»,- ասաց նա:
 
Հարցին՝ արդյոք դիտավորություն չի՞ տեսնում գործարանի հրդեհի հետ կապված՝ Կարինե Շահվերդյանն ասաց.
 
«Հավատս դեռ չեմ կորցրել այդ աստիճան, որ մտածեմ՝ հայը, ինչքան էլ ստոր լինի, կարող է նման բան անել:  
Չեմ ուզում հավատալ, որ նման բան կարող էր լինել»:
 
Սոնա Հարությունյան