Ուսուցիչները առաջին դասարանցիներին պետք է ճիշտ վերաբերվեն, իսկ ծնողները ուժ չգործադրեն սովորելու պրոցեսի ժամանակ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
«6-7 տարեկանը հոգեբանության մեջ համարվում է ճգնաժամային, բայց դա միայն դպրոց գնալու հետ չի կապված։ Շատ գիտնականներ այդ փաստը կապում են նաև այն հանգամանքի հետ, որ երեխաները հոգեպես դպրոց գնալուն պատրաստ չեն լինում։ Այդպիսի երեխաները չեն ունենում բավարար զարգացածություն հիշողության, ուշադրությունը կենտրոնացնելու ունակության առումով։ Եթե բավարար զարգացումներ չեն լինում, երեխան կարող է լուրջ խնդիրներ ունենալ դպրոցին հարմարվելու առումով։ Բայց կա նաև հակառակը՝ այն երեխաները, ովքեր զարգացածության բարձր մակարդակ են ունենում՝ պատրաստ են դպրոցին, հաճախ նրանք նաև «դպրոց-դպրոց են խաղում»,- նշեց Սամվել Խուդոյանը։
Հոգեբանը հավելեց, որ առաջին անգամ դպրոց գնալու շրջանում երեխաների մոտ կտրուկ փոխվում է ուղեղի զարգացման գործընթացը։
Նրա պնդմամբ, դպրոցում շատ կարևոր է նաև ուսուցիչների դերը, նրանց վերաբերմունքը նոր աշակերտ դարձածների նկատմամբ։
«Ուսուցիչները պետք է երեխաների հետ ճիշտ վերաբերվեն, որովհետև երեխայի համար զգայական շրջան է: Կանոնավոր ուսուցումը սկսվում է դպրոցից, և հենց այդ տարիքից էլ սկսվում է ուղեղի կտրուկ զարգացումն ու որակական փոփոխությունը»,- նշեց բանախոսը։
Նա շեշտեց, որ ծնողների ծեծը սովորելու պրոցեսի ժամանակ բացասական է անդրադառնում երեխաների վրա։ Սամվել Խուդոյանի կարծիքով, պետք է խրախուսել երեխաներին, գովել անգամ, եթե 10-ից մեկն է ճիշտ գրել։
Եզրափակելով խոսքը՝ հոգեբանը նշեց, որ երեխաների 90-95 տոկոսը հաջողությամբ հաղթահարում է սթրեսային վիճակը։