ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը նոյեմբերի առաջին 10-օրյակը հայտարարում է փսորիազի դեմ պայքարի օրեր: ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այդ օրերին կենտրոն դիմած բոլոր այցելուները բարձրակարգ մասնագետների կողմից կստանան անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում զեղչով կկազմակերպվեն կլինիկական հետազոտություններ:
«Փսորիազը ծանր մաշկային հիվանդություն է: Ամբողջ աշխարհում բնակչության 2-4 տոկոսը տառապում է այս հիվանդությամբ: Բավական վայրիվերումներով ընթացքող հիվանդություն է: Այս նախաձեռնությամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ այս հիվանդությամբ տառապողները դիմեն, ստանան բարձրակարգ մասնագետների անվճար խորհրդատվություն»,-ասաց Միքայել Սահակյանը:
Կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանի խոսքով, Հայաստանում բնակչության 2-3 տոկոսը նման խնդիր ունի: Բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում 600-700 հիվանդ: Ընդունված հիվանդների մոտ 70 տոկոսի մոտ առանց բարդությունների փսորիազն է: Նա նկատեց, որ հիվանդության առավել բարդացված տարբերակները տարեց տարի ավելանում են:
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ ժամանակ ինքնաբուժությամբ են զբաղվում կամ, գայթակղվելով «փսորիազը բուժվում է» գովազդներով, դիմում են տարբեր կենտրոններ, ստանում են բուժում, և բարդություններով դիմում են մեզ»,-ասաց Գևորգ Շաքարյանը:
Մասնագետի խոսքով, հիվանդությունը հավասարաչափ տարածված է և կանանց, և տղամարդկանց մոտ, սակայն վերջին տարիներին հիվանդության կտրուկ աճ է նկատվում երեխաների մոտ:
«Փսորիազի առաջացման առաջին պիկ շրջանը համարվում է 14-25 տարեկանը, երկրորդ պիկը` 50-ից հետո: Վերջին շրջանում կտրուկ աճ ունենք հենց 0-ից մինչև 10 տարեկան երեխաների մոտ: Նորածիններ ենք ունենում, որոնց մոտ նկատվում են փսորիատիկ արտահայտումներ: Պատճառները մինչև վերջ ապացուցված չեն, բայց մեծ դեր է խաղում ժառանգականությունը, տարբեր գործոններ կապված` սթրեսի, անառողջ սննդի, էկոլոգիայի հետ»,-ասաց նա:
Մասնագետի խոսքով, նախատեսում են ձևավորել խումբ, որը կկարողանա զբաղվել հիվանդով` տանելով բացատրական աշխատանք, հասկացնելով, որ փսորիազից վախենալ պետք չէ: «Այն չի բուժվում, բայց կարելի է ամբողջությամբ վերահսկելի դարձնել»,-հավելեց մասնագետը: