Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երեխաների շրջանում ԼԳԲՏ քարոզչությունն անընդունելի է։ Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Քաղաքական գործիչը մատնանշել է, որ վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում 18-ից 25 տարեկան քաղաքացիների 20 տոկոսը ԼԳԲՏ անդամներ են, Ֆրանսիայում՝ 22 տոկոսը, իսկ Էստոնիայում օրինական են միասեռ ամուսնությունները։ Կոբախիձեն ենթադրել է, որ նման ցուցանիշները քարոզչության արդյունք են՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Վրաստանից չի պահանջվի այս հարցը պոպուլյարիզացնել երեխաների շրջանում։

«Այս վիճակագրությունը մտահոգիչ է։ Քարոզչությունը կտրականապես անընդունելի և անթույլատրելի է, հատկապես, երբ դրա հասցեատերը երեխաներն են։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրավական շրջանակներում սրան հակադրենք։ Մենք տեսնում ենք, որ, ցավոք, ԼԳԲՏ քարոզչությունը լայն աջակցություն ունի»,- ասել է նա։