Խաղաղ բնակիչների շրջանում մեծ թվով զոհեր են գրանցվել Լուգանսկի մերձակա բնակավայրերի վրա ուկրաինական ուժայինների ավիահարվածների հետևանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) մամուլի քարտուղար Վլադիմիր Ինոգորոդցևը:
«Ավիահարվածների են ենթարկվել և հրետակոծվել են Ստանիչնո-Լուգանսկի շրջանը և Նոր Կոնդրաշևկան: Շատ մեծ քանակությամբ զոհվածներ կան խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է Ինոգորոդցևը:
Նա նշել է, որ Լուգանսկայա ավանի փողոցներից մեկում գնդակոծման և ավիահարվածների հետևանքով զոհվել է շուրջ տասը խաղաղ բնակիչ, որոնցից մեկը՝ հինգից-յոթ տարեկան մի աղջիկ է: «Նույն իրավիճակն է Նոր Կոնդրաշևկայում: Առայժմ ստույգ տվյալներ չկան, բայց վիճակը ծանր է»,- ընդգծել է Ինոգորոդցևը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 2-ին դիմել է Ուկրաինայի իշխանություններին և պահանջել, որ եթե նրանք ի վիճակի են սթափ գնահատել իրենց հանցավոր քաղաքականության հետևանքները, հրաժարվեն խաղաղ քաղաքները գնդակոծելուց:
«Կրկին վճռականորեն պահանջում ենք Ուկրաինայի իշխանություններից՝ եթե նրանք դեռ ի վիճակի են սթափ գնահատել իրենց կողմից իրականացվող հանցավոր քաղաքականության հետևանքները, հրաժարվել իրենց պետության խաղաղ քաղաքները և գյուղերը գնդակոծելուց, վերադառնալ իրական հրադադարի՝ մարդկանց կյանքը պահպանելու համար»,- ասված է այն մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Ուկրաինայի քաղաքական խնդիրները երկրի քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով լուծելը հազիվ թե համապատասխանում է քաղաքակիրթ եվրոպական հասարակության նորմերին, ինչին այսօր հավակնում են Կիևում»:
Սպասվում է, որ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հուլիսի 2-ին հանդիպում կանցկացնեն Բեռլինում, որի ընթացքում պլանավորվում է քննարկել Ուկրաինայում իրադրության զարգացումը:
«Շարունակելով իրադրությունը բանակցային հուն վերադարձնելուն ուղղված ջանքերը, աջակցություն է հայտնվել հուլիսի 2-ին Բեռլինում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի առաջարկությանը՝ նկատի առնելով այն փոխըմբռնումը, որը ձեռք է բերվել չորս պետությունների ղեկավարների հանձնարարությամբ հունիսի 30-ին նրանց միջև կայացած քննարկումների ընթացքում»,- նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: