Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը գտնվում է Ուկրաինայում, հայտարարել է, թե մտադիր է իր զինակիցների հետ միասին վերադառնալ հայրենիք եւ հաղթել խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Այդպիսով, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, պետության նախկին ղեկավարը հերքել է մի շարք ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների այն պնդումները, որ նա ու իր զինակիցները մտադիր են հեղաշրջում իրականացնել Վրաստանում: «Մենք իշխանության կվերադառնանք ընտրությունների ճանապարհով»,- ասել է Սահակաշվիլին:

 

Նրա խոսքով՝ «այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, աղետ է»: «Ներկայիս իշխանությունները երկիրը հասցրել են աղքատության»- նշել է նախկին նախագահը: Գործող իշխանությունների անհաջողությունները նա բացատրել է դեպի Ռուսաստան նրանց կողմնորոշմամբ: Մինչդեռ, Սահակաշվիլին վստահ է, որ Վրաստանի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում:

 

Ավելի վաղ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահություն Է հայտնել Է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը չի կարողանա վերադառնալ իշխանության: Իվանիշվիլին այս կերպ Է մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված այն վարկածը, թե գարնանը Սահակաշվիլին անկարգություններ Է պլանավորում Վրաստանում:

 

«Ցանկանում եմ հանգստացնել Վրաստանի բնակչությանը. «Ազգային շարժումը» դրա համար անհրաժեշտ ռեսուրս չունի: Ոչ ոք չի կասկածում, որ նրանք անկարգություններ հրահրելու ցանկություն ունեն եւ նման փորձեր են ձեռնարկելու…Աստված մի արասցե, որ անկարգություններ սկսվեն, բայց նույնիսկ այդ դեպքում «ազգայինները» հնարավորություն չունեն գալու իշխանության: Վրաց ժողովուրդն այնքան հիմար չԷ, ինչպես նրանք են կարծում, որ երկրորդ անգամ Սահակաշվիլիին իր գլխին նստեցնի. դրա համար նույնիսկ տեսական հնարավորություն չկա»,- հայտարարել Է Իվանիշվիլին: