Վաշինգտոնի նահանգի դատարանն ընդայնված կազմով որոշում է կայացրել մեղադրականներ ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում 2017 թվականի մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակցի դեմ: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Կոլումբիայի շրջանի դատախազի գրասենյակից հայտնել են, որ 19 անձի դեմ մեղադրանք է ներկայացվել բռնության նպատակով դավադրություն կազմակերպելու գործով: Համաձայն մեղադրականի՝ ենթադրյալ դավադրության նպատակն է եղել հարձակվել ու հարվածել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց հավաքված ցուցարարներին, ինչպես նաև հարձակվել այն ոստիկանների վրա, ովքեր կփորձեն դադարեցնել հարձակումը:
Դատախազի գրասենակից տեղեկացրել են նաև, որ մեղադրյալներից երկուսը ձերբակալվել են, իսկ մյուսները շարունակում են մնալ ազատության մեջ: Դեռևս հստակ չէ, թե որտեղ են գտնվում մյուս մեղադրյալները և արդյոք դիվանագիտական անձեռնմխելիությունը կարող է խանգարել նրանց դեմ հետաքննություն իրականացնելու:
Հայ դատի ԱՄՆ գրասենյակից հայտնում են, որ 19 անձի դեմ ներկայացված մեղադրանքներով (ատելության հողի վրա իրականացված հարձակում) նախատեսվում է սահմանել պատիժ մինչև 15 տարվա ազատազրկման չափով: Գրասենյակի հաղորդակցման բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը մեղադրականների ներկայացումը կարևոր քայլ է համարել: «Ժամանակն է պահանջել Էրդողանի անվտանգության աշխատակիցների անհապաղ արտահանձնումը, իսկ Թուրքիայի Հանրապետությունը պետք է փոխհատուցի այդ սարսափելի հանցագործության տուժածներին»,- նշել է Չուլջյանը:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի արդեն ձերբակալված են: Նրանց դեմ գործով առաջին դատական լսումները տեղի կունենան սեպտեմբերի 7-ին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ: