Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Ստեփան Մինասյանը, 45-ամյա Եղիշ Հայրապետյանը և 21-ամյա Հարություն Մանուկյանը։
Վերջինիս բնակության վայրը ճշտվում է։
Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 00։15-ի սահմաններում, Երևան-Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանք մասնակցելիս են եղել ինչ-որ միջոցառման, այնուհետև արդեն ռեստորանի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ընթացքում նրանք ստացել են սուր ծակող-կտրող գործիքից հարվածների հետքեր, և հիվանդանոց տեղափոխված Ս. Մինասյանը, գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ն մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։