«Ադրբեջանն ինչ անում է Հայաստանի դեմ, չի պատժվում, և, ընդհակառակը, Ռուսաստանից ստացել և ստանում է արդիական զենքեր: Մինչդեռ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, քանի որ մեզ գայթակղում էին մեր անվտանգության պահպանմամբ՝ սրան ավելացնելով նաև տնտեսական բաղադրիչը: Սակայն անվտանգության առումով առաջընթաց չկա, իսկ տնտեսական բոլոր ցուցանիշներն անկում են ապրել 2013 թվականից ի վեր, ինչպես, օրինակ, պետական պարտքը 2013թ. կազմել է 4.6 միլիարդ, իսկ 2016 թվականին՝ 5.9 միլիարդ, անվտանգության առումով էլ՝ մենք ավելի ու ավելի ենք կապվում Ռուսաստանի քաղաքականությանը, ինչը վատ է»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր-նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի խնդիրների մեջ խրվելով՝ Հայաստանը բախվում է մեկ այլ գերտերության՝ ԱՄՆ-ի հետ, ինչը կարող է մեզ համար ճակատագրական լինել:
Արա Պապյանի խոսքով՝ չարդարացված են քաղաքական այն շրջանակների հույսերը, ովքեր Հայաստանի զարգացման հույսը կապում էին ԵՏՄ-ի հետ՝ հատուկ շեշտադրելով, որ այս ճանապարհով մենք դուրս կգանք 170 միլիոնանոց շուկա. «25 միլիոն դոլար Հայաստանն է գումար ուղարկել Ռուսաստան և արդյունքում ստացել է 0 ներդրում: Ավելին՝ 50 միլիոն դոլարի կապիտալի ատահոսք է եղել, այն պարագայում, երբ Վրաստանն ու Արդբեջանը, չլինելով ԵՏՄ անդամ, զգալի ներդրւմներ են ստացել այդ կառույցից»:
Արա Պապյանին վստահություն չի ներշնչում նաև եվրասիական տնտեսական շրջանակներից անընդհատ հրապարակ նետվող՝ վերլուծաբանների կատարած իբրև թե հետազոտությունները՝ նշելով, որ դրանք կենտրոններ են, որոնք ֆինանսավորվում են ԵՏՄ-ից, հետևաբար, նրանց կողմից հրապարակված տարատեսակ ցուցանիշները վստահելի չեն, քանի որ հայ հասարակությունն իր կաշվի վրա այլ բան է զգում:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիրն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ նախաստորագրված համաձայնագրին՝ շեշտելով, որ դա նոր հնարավորություններ է ընձեռելու Հայաստանի զարգացման համար:
«Սա նոր շանս է մեզ տալու, բայց չէ՞ որ այդպես չեն բանակցում, պետությունն այդպես չի կայանում, պետք է կատարել բանավոր խոսքն ու բանավոր պայմանավորվածությունը, քանի որ դա շատ կարևոր է»:
Աղավնի Սուքիասյան