Երեխաների մոտ ուսման նկատմամբ հետարքրքություն առաջացնելու համար պետք է շեշտը դնել նախակրթարանների, այլ ոչ թե ավագ դպոցի վրա: Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ։ Պատճառն այն է, որ տարիներ առաջ մանկապարտեզներ փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան, բոլորը ցանկություն հայտնեցին, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: Հիմա էլ հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը շատ քիչ է»,- ասաց փորձագետը:
Խաչատրյանի պնդմամբ՝ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան:
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ իր հերթին ասաց, որ Երևանում գործող պետական մանկապարտեզների հետ կապված դժգորհություններ կան:
«Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն՝ այնքան երկար, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից»,- ընդգծեց Բախշյանը: