Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Լոռու մարզի Նեղոց համայնքի ղեկավար, 35-ամյա Վարդան Աթանեսյանը այցելել է Ախթալա քաղաքի Լեռնագործների փողոցի 2 տան բնակիչ 29-ամյա Գոռ Թարվերդյանին, ով Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, Տեր-Հեթում քահանան է, և անհիմն վիճաբանել է քահանայի հետ ու պահանջել, որ նա բացի վանքի դարպասները, հակառակ դեպքում սպառնացել է դարպասները կոտրել։
Քահանան ոստիկաններին հայտնել է, որ գյուղապետը այդ ողջ ընթացքում ձեռքին ունեցել է ատրճանակ, սակայն այն գործի չի դրել։
Ըստ տեղեկությունների՝ գյուղապետը հրավիրվել է Ոստիկանության Թումանյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին որևէ բացատրություն տալ։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Նեղոց համայնքի ղեկավար Վարդան Աթանեսյանն ասաց, որ իր կնոջ, եղբոր կնոջ և իրենց հինգ երեխաների հետ գնացել են եկեղեցի մոմ վառելու, սակայն հերքեց միջադեպի մասին լուրերը. «Ես այդ քահանային չեմ էլ ճանաչում և չգիտեմ՝ որտեղից են եղել այդ խոսակցությունները: Ընդամենը մոմ վաճառողին եմ ասել՝ դուռը բացի, քանի որ դռան վրա կողպեք կար, սակայն դռան ճաղավանդակներից մեկը պակասում էր և մարդիկ այդ արանքով մտնում, դուրս էին գալիս, մենք էլ այդպես անցանք մոմ վառեցինք և դուրս եկանք»,- ասաց համայնքապետը:
Աթանեսյանի խոսքով՝ երեխաներին էին տարել զբոսանքի և մոմ վառելու, իսկ թե ինչո՞ւ է խնդիր դարձել այդ հանգամանքը, չի էլ պատկերացնում. «Ես մտածում եմ մի տարբերակ, երբ ասել եմ ինչո՞ւ է դուռը փակ, դրա համար են այս ամբողջ խոսակցությունները, սակայն որևէ կոպիտ խոսք կամ խոսակցություն չի եղել: Պետք է հանդիպեմ քահանային, ինչպես նաև գնամ ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում»:
Դիտարկմանը՝ ոստիկանություն չե՞ն կանչել, համայնքապետն ընդգծեց, եթե կանչած լինեին, անպայման կներկայանար, քանի որ ինքը նախևառաջ համայնքի ղեկավար է:
Սոնա Հարությունյան