Ախուրյանի ջրամբարում սատկած ձկների թեման մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքյան օգտատերերի, թե՛ բնապահպանների շրջանակում: Ի վերջո՝ ի՞նչն է պատճառը, ո՞վ է պատասխանատու դրա համար, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցը զրուցեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ:
Նրա խոսքով՝ խնդիրը շատ լուրջ է, քանի որ մինչ օրս համապաստախան մարմինները որևէ հստակ պատասխան չեն տվել, թե ինչու է պակասել Ախուրյանի ջրամբարի ջուրը, որի հետևանքով ձկներ են սատկում:
«Ջրամբարը գտնվում է սահմանամերձ հատվածում և նախատեսված է ոռոգման համար: ՄԵնք կասկածներ ունենք, որ գուցե խնդիրներ են եղել հարևան երկրի հետ կապված: Մյուս վարկածն այն է, որ գուցե չմտածված ջուր են բաց թողել ոռոգման համար և չեն ուզում դրա մասին բարձրաձայնել, որովհետև հաշվարկներ չեն արել և հաշվի չեն առել էկոհամակարգը»,- ասաց նա:
Բնապահպանի խոսքով՝ և՛ Բնապահպանության նախարարությունը, և՛ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, և՛ Ազգային անվտանգության ծառայութունը պետք է պատասխանատվություն կրեն: «Ջրային տարածքները շատ խոցելի են, հատկապես, որ սա սահմանային ջրամբար է: Բազմաթիվ երկրներում ջրամբարների միջոցով պատերազմներ են սկսվել, այսինքն մի փոքր բան են գցում և վերջ: Ուստի, մենք պետք է լուրջ վերաբերվենք այս խնդրին, քանի որ անբարենպաստ իրավիճակում ենք: Ունենք հարևաններ, ովքեր լավ չեն տրամադրված մեր հանդեպ»,- նշեց նա:
Ադամյանը տարօրինակ է համարում պատկան մարմինների լռությունը, քանի որ բնապահպանների բարձրացրած խնդիրներին գրեթե միշտ պատասխանում են, իսկ այս անգամ լռում են. «Մեզ համար առնվազն տարօրինակ է տիրող լռությունը, որովհետև չգիտեն՝ ինչ ասել: Եթե տեղյակ չլինեին, կփորձեին այլ տարբերակ ասել, որն ավելի թեթև կլիներ: Ես հակված եմ այն կարծիքին, որ ջուրը բաց են թողել՝ հաշվի չառնելով ձկնային պաշարների խնդիրը:
Պատկան մարմինները պետք է հետազոտեն և հասկանան՝ ինչ է կատարվել: Առանց չափումների ջուրը բաց են թողնում ու վերջ, երևի չգիտեն էլ՝ որքան ջուր կա ջրամբարում»:
Բնապահպանի համար զարմանալի է, որ Կառավարությունը ևս չի արձագանքում խնդրին, այնինչ՝ պետք է հավաքի բոլոր համապատասխան մարմիններին և հորդորի մշտադիտարկումներ անել՝ նման իրավիճակներից խուսափելու համար:
Ախուրյանի ջրամբարի լուսանկարները՝ Անդրանիկ Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից
Սոնա Հարությունյան