
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Հայաստանում մտահոգիչ է համարում ժողովրդագրական խնդիրները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ դեմոգրաֆիական խնդիրների միտումները հանգեցնում են արտագաղթի հետ կապված խնդրին: «Արտագաղթը ժողովրդագրական խնդիրներին առնչվող առաջնային գործոն է, սակայն միակը չէ»,- նշեց պատգամավորը:
Նա նախատեսում է երկրում դեմոգրաֆիական խնդիրների քննարկման համար աշխատանքային ձևաչափով հանձնաժողովի ստեղծում, որը կարող է ներառել շահագրգիռ պատգամավորներ, փորձագետներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային ոլորտի ներկայացուցիչներ: «Փորձելու ենք համադրել բոլոր հնարավոր ռեսուրսները, մասնագիտական ռեսուրսները, որպեսզի քննարկելու ճանապարհով գնահատենք իրավիճակը, միտումները»,- ասաց նա:
Ֆարմանյանն արձանագրեց, որ ցանկացած երկրի պարագայում կարևոր է բնակչության թվաքանակը, իսկ ՀՀ-ի պարագայում սա առանցքային խնդիրներից է: Նա կարծում է, որ խնդիրը ՀՀ պետականության առումով շատ ավելի կարևոր է, քան այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա իշխանությունը, քանի որ ժողովրդագրությունը երկարաժամկետ խնդիր է:
«Եթե մենք այսօր՝ որպես պետականություն այս խնդիրներին լուրջ մոտեցում չցուցաբերենք, ինչպիսին էլ լինի այսօրվա, վաղվա իշխանությունների քայլերը, եթե մի գծով չեն գնում, ապա չենք կարող մեզ համար ցանկալի արդյունքների հանգել: Իմ կարծիքով՝ ժողովրդագրական խնդիրների կարգավորումը շատ էական փորձաքար է մեր պետականության համար»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հիմա արդեն ուշ չէ՞ դեմոգրաֆիական խնդիրների մասին մտածելու ու կարևորելու համար, Ֆարմանյանը պատասխանեց, որ պետականության շահի տեսանկյունից խնդիրներ լուծելու համար երբեք ուշ չէ: