Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպաններին:
Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի՝ կալանավորված իրավապաշտպանները պատգամավորներին հայտնել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն):
Թուրքիայում գործող «Հայրենակցություն» միության հիմնադիր անդամ, իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանն էլ հայտնել է, որ կալանավայրի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս կարդալ «Ակոս» պարբերականը՝ ակնհայտորեն խախտելով տեղեկատվություն ստանալու իր սահմանադրական իրավունքը:
Ըստ Դալքըրանի` կալանավայրի ղեկավարությունն այդ սահմանափակումը պատճառաբանում է «Ակոս»-ում հայերեն էջերի առկայությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում մի սեմինարի ժամանակ ձերբակալվել էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների 10 անդամներ, որոնց թվում նաև՝ գերմանացի իրավապաշտպան, «Amnesty International»-ի անդամ Պետեր Շտոյդթները: Նրանցից 6-ի նկատմամբ ավելի ուշ կալանավորման որոշում է կայացվել: Վերջիններս մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: