Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:
Հանրապետության Նախագահը հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով:
Նախքան գիտական խորհրդի հանդիսավոր նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայ-ռուսական համալսարանում, ծանոթացել ժամանակակից և որակյալ կրթության ապահովման նպատակով բուհում ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաև Հայ-ռուսական համալսարանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքն ու համալսարանի «Ուսմունք» հենակետային դպրոցը: