«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողների առօրյային ծանոթանալու, նրանց հետ զրուցելու համար այցելեցինք Պաշտպանության բանակի գնդապետ Ս. Շաքարյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր։ Տեղ հասնելուն պես զինծառայության և մասնավորապես դիրքապահի պարտականոթյուններին առնչվող խնդիրներին ու առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով մենք անմիջապես, ինչպես ասում են, ՙոտքի վրա՚ զրույցի ՙբռնվեցինք՚ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Միքայելյանի հետ:
Ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է պետական տեխնոլոգիկական քոլեջում` ստանալով ոսկերչի մասնագիտություն: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հունվարին: Ճիշտ է, ոսկերչի մասնագիտությունը դիրքապահի պարտականությունների կատարման հետ ուղղակի առնչություն չունի, բայց երկուսի դեպքում էլ պահանջվում է ճշգրտությամբ կատարել առաջադրված խնդիրները, դիրքապահի պարագայում` ավելի մեծ ճշգրտությամբ ու պատասխանատվությամբ:
Զինծառայության ընթացքում դրսևորելով անձնական պատասխանատվություն ու նախաձեռնողականություն` դեռևս շարքային Կարեն Արմենի Միքայելյանը գրավել է հրամանատարության ուշադրությունը: Այնուհետև անցնելով կրտսեր հրամանատարական դասընթացներ` արժանացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչման և այժմ որպես դիրքի ավագ նրան է վստահված մեր հայրենիքի որոշակի հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը:
Դիրքի ավագը ծառայությունն և ընդհանրապես դիրքապահի պարտականությունների կատարումը համարում է սրբազան գործ ու այդ գիտակցությամբ էլ իր պարտքն է կատարում. ՙԱյդ պարտքի հետ միասին նաև պաշտպանում եմ ընկերներիս, հարազատներիս, մեր զոհված ազատամարտիկների գործն եմ շարունակում, ովքեր իրենց կյանքի գնով ազատագրել են մեր հայրենիքի այս հատվածը։ Մեզանից պահանջվում է, որ պահենք ու պաշտպանենք այն։ Ես հպարտանում եմ, որ մեզ վստահում են մեր հայրենիքի պետական սահմանի մի հատվածի պաշտպանությունը և վստահաբար ասում եմ, որ պատվով կկատարենք այդ առաքելությունը ու ոչ մի դեպքում չենք խոնարհվի թշնամու առաջ՚։
Ինչ վերաբերում է խնդիրներին ու առանձնահատկություններին, ապա կրտսեր հրամանատարը կարծում է, որ խնդիրները հիմնականում հաղթահարելի են: Առանձնահատկությունների վերաբերյալ էլ իր տեսակետն ունի և համարում է, որ ծառայությունը մի շարք առավելություններ է տալիս մարդուն. ՙԱյդ ընթացքում մենք կոփվում ենք ֆիզիկապես, մեր հայրենիքը ընկալում ենք ամբողջ խորությամբ և, ինչպես ասում են, ՙտղա գալիս ենք, տղամարդ վերադառնում՚։
Ինչ վերաբերում է կրտսեր հրամանատարի պարտականությունների կատարմանը, ապա այն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ յուրաքանչյուր խնդրի կամ հարցի կապակցությամբ որոշում պետք է ընդունել ոչ թե պահի ազդեցության տակ, այլ մտածված կերպով։ Ինչպես պարզվում է նրա հետ ունեցած զրույցից, կրտսեր սերժանտ Կարեն Միքայելյանը գիտակցում է իր վրա դրված դիրքի ավագի պարտականությունների կատարման ողջ պատասխանատվությունը և ամեն ինչ անում է այն պատվով իրականացնելու համար։
ՙԿյանքն ինքը ծառայություն է, և պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել յուրաքանչյուր՝ նույնիսկ մանրուք թվացող հարցերում։ Ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ այստեղ պետք է կարողանաս ճիշտ հարաբերվել շրջապատիդ հետ, ստեղծես ընկերական մթնոլորտ, որը թույլ կտա ծառայողական պարտականությունները լավ կատարել։ Իսկ եթե կարողանում ես զինծառայության ընթացքում ակտիվություն հանդես բերել, հանդես գալ ընդհանուրի շահերց բխող կազմակերպչական նախաձեռնություններով, ստեղծել ընկերական միջավայր, ապա հետագա ողջ քաղաքացիական կյանքում կկարողանաս քո արժանի տեղը գտնել,- մեզ հետ զրույցում կիսվում է կրտսեր սերժանտ Կարեն Միքայելյանը և շեշտում, - առանց ընկերական, միմյանց նկատմամբ հարգալից ու կարեկից վերաբերմունքի, դիրքապահի պարտականությունները կատարել հնարավոր չէ՚։
Վերջում դիրքի ավագը որպես բարեմաղթանք կոչ արեց բոլոր դիրքապահ զինծառայողներին պատվով կատարել իրենց նվիրական առաքելությունը, իսկ հարազատներին ոչ միայն չանհանգստանալ իրենց որդիների համար, այլև հպարտանալ. ՙՔանի դեռ մենք կանգնած ենք հայրենիքի սահմանին, նրանք անվտանգ կլինեն, և համբերությամբ զինվելով` թող իմանան, որ իրենց որդիները սուրբ գործ են կատարում՚։