ՀՀ ՊԵԿ նախկին նախարար Դավիթ Անանյանը գրում է․ «Մեր երկրի ու պետության գոյութենական այս խաչմերուկում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ առաջնորդության ավանդական կրողները լիովին հրաժարվում են իրենց դերերից և պարտականություններից՝ նախընտրելով պահպանել ստատուս քվոն՝ հանուն կարճաժամկետ հարմարավետության: Նման պահվածքն, իհարկե, շփոթության ու հիասթափության զգացում է առաջացնում հասարակության մեջ։

Ահա այստեղ է, որ քաղաքական փակուղու առջև կանքնած հանրության «մտածող փոքրամասնությունը» չի դադարում վերլուծել և իմաստավորել իրականությունը, տեսնում և ցույց է տալիս հիմնախնդիրները, բացատրում է փոփոխության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: Այս փոքրամասնությունը հակված է սուր անհարմարության զգացում ունենալ ներկայիս քաղաքական մթնոլորտի նկատմամբ և հավակնում է դառնալ առաջադեմ փոփոխությունների նախաձեռնողը:

Տեսնելով ավանդական ու ռեսուրսակիր առաջնորդության անգործությունը՝ մտածող փոքրամասնությունը սկսում է լրջորեն խորհել գործող քաղաքական իշխանության ներսում տեղի ունեցող խմորումներից կայծ ստանալու հնարավորության մասին։ Նրանք գտնում են, որ փոփոխությունների լավագույն ճանապարհը իշխանության բուրգի ներքին ճեղքերի բացահայտելն ու դրանց խորացմանը նպաստելն է։ Սա նման է ներսից հեղափոխության տեսությանը, որտեղ համակարգային քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե արտաքին ճնշումների, այլ ներքին հակասությունների, տարաձայնությունների ու պայքարների պատճառով, որոնք գնալով դառնում են չափազանց մեծ՝ անտեսվելու համար»: