«Armis Labs» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր համակարգչային վիրուս, որն ի վիճակի է վարակել սմարթֆոններն ու այլ սարքավորումները` միացված Bluetooth-ին: Հաղորդվում է, որ սարքավորումները կոտրելու նոր մեթոդը կրում է «BlueBorne» անվանումը:
Ինչպես տեղեկացնում է life.ru-ն, փորձագետները կարծում են, որ այն նույնքան վտանգավոր է, որքան WannaCry-ը, որը 1 մլրդ դոլարի վնաս հասցրեց: Աշխարհում այդ վիրուսով վարակվել էր 300 հազար համակարգիչ:
Այս նոր վիրուսի վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն գործում է աննկատ: Օպերացիոն համակարգերի խոշոր արտադրողներն արդեն քայլեր են ձեռնարկում համակարգերի խոցելիությունը նվազեցնելու համար: Apple-ը հայտարարել է, որ iOS 10-ի և ավելի նոր համակարգերի համար այս վիրուսը վտանգ չի ներկայացնում, Windows-ում և Google-ում համակարգերը թարմացվում են: Վիրուսը մեծ վտանգ է ներկայացնում Linux-ի համար, քանի որ այդ հարթակում աշխատում են բազմաթիվ սարքավորումներ: