Հայաստան-Սփյուռք համաժողովին այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքները Հայաստանի երազանքը չէ։ «Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, այն առաջարկել են միջնորդները»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք՝ բանակցությունների համար։ Հայաստանը և Ադրբեջանն ընդունել են, Արցախն այն նույնիսկ  որպես հիմք չի ընդունել»,-ասաց փոխնախարարը:
  
Հայաստանն առաջին անգամ, թեկուզ և ոչ պաշտոնական մակարդակում, հայտարարում է, որ իր համար բանակցությունների սեղանին դրված սկզբունքներն անընդունելի են, և բնավ էլ երազած տարբերակը չեն, ինչով ակնարկում է, որ այդ պայմանները և սկզբունքները մեծամասամբ պարտադրված են եղել: Շավարշ Քոչարյանը հնչեցնում է այս մտահոգությունը հենց Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, քանի որ, ինչպես գիտենք՝ Մադրիդյան սկզբունքների դեմ բողոքի ամենաբարձր ձայնը գալիս է հենց հայկական գաղթօջախներից. նրանք է, որ ՀՀ իշխանություններին պարբերաբար մեղադրում են հող հանձնելու պատրաստակամության մեջ: Հիմա, ըստ էության, Շավարշ Քոչարյանը փորձում է արդարանալ Սփյուռքի առջև՝ ակնարկելով դրսից առկա պարտադրանքի մասին: Մյուս կողմից էլ՝ Քոչարյանի այս հայտարարությունը ոչ պաշտոնական մեսսիջ էր արտգործնախարարների հանդիպումից առաջ՝ ուղղված առաջին հերթին համանախագահներին: Չմոռանանք նաև, որ այսօր Սերժ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին, որտեղ անկասկած կբարձրաձայնվի հակամարտության ներկա վիճակի և հետագա զարգացումների մասին պաշտոնական Երևանի մոտեցումները: Շավարշ Քոչարյանը այցի նախաշեմին ասեց այն, ինչը չի կարող ասել Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ում: Իսկ Սերժ Սարգսյանը ասելիք պետք է որ ունենա, քանի որ մադրիդյան սկզբունքներն արդար գործարք չեն առաջարկում. բոլոր պահանջներն ուղղված են Հայաստանին:
 
 
Ստելլա Խաչատրյան