Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով բարձր հանձնակատարի գրասենյակը:
«Այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված»,- ասել է Պուրասը, որն առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից առաջինն է, որ այցելում է Հայաստան:
Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է առողջապահական ծառայությունների առկայությունը, հասանելիությունը, պահանջներին համապատասխանությունը և որակը, ինչպես նաև առողջության իրավունքի իրացման վրա ազդող գործոնները, ինչպիսիք են աղքատությունը, խտրականությունն ու բռնությունը:
«Ինձ մասնավորապես հետաքրքրում են Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակներում ներառված մի շարք հատուկ խնդիրներ,- ասել է փորձագետը: - Դրանցից են` առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը, առողջության խթանումն ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, առաջնային բուժօգնությունը, հոգեկան առողջության պահպանումը (հատկապես համայնքահեն ծառայությունները), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց իրավունքները, ինչպես նաև ակադեմիական բժշկության, բժշկական կրթության և հետազոտությունների դերը»:
Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է նաև բնակչության առանձին խմբերի, մասնավորապես կանանց, երեխաների, միգրանտների, թմրամիջոց օգտագործող անձանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավիճակը: Նա հանդիպումներ է ունենալու Երևանի, Աբովյանի, Դիլիջանի, Սպիտակի և Վանաձորի մի շարք հաստատություններում:
Պարոն Պուրասը Հայաստան կատարած այցի մասին իր ամբողջական զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2018 թ. հունիսին: