Գերմանիայում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խորհրդարանական ընտրություններ են անցկացվում և քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։ Այս մասին հայնում է Ria.ru-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 8:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 18:00-ին: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ կհայտնվեն exit poll-երի՝ ընտրատեղամասերից դուրս գալիս ընտրողների հարցումների արդյունքները: Քվեարկության արդյունքների պաշտոնական ամփոփումն առցանց-ռեժիմով կանցկացվի Գերմանիայի համերկրային ընտրական կոմիտեի ինտերնետ-կայքում:
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 25-ի առավոտյան: Ընտրություններից 30 օր անց պետք է տեղի ունենա նոր գումարման խորհրդարանի առաջին կազմակերպական նիստը և դրանով ընտրությունների վերջնական արդյունքները կհամարվեն հաստատված:
Նախքան ընտրություններն անցկացված հետազոտությունների համաձայն՝ ընտրողների 34%-ը պատրաստ է քվեարկել գործող կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միության օգտին, 21%-ը՝ Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին: Մինչդեռ 3-րդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որին պատրաստ է ձայն տալ հարցվածների 13%-ը: Ինչ վերաբերում է ձախակողմյան ուժերին, ազատ դեմոկրատներին ու «կանաչներին», ապա նրանց համար քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 11, 9 և համապատասխանաբար՝ 8%-ը: