Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դատական նիստերը կկայանան դռնփակ:
Այս մասին մեր զրույցում ասաց ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը:
Այսօր նման որոշում կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը: Գործը դռնփակ քննելու միջնորդություն նախորդ դատական նիստին ներկայացրել էր 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Միջնորդության հիմքում դրվել էր մասնավորապես այն, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում. նման մտավախության տեղիք էր տվել հատկապես սույն թվականի մարտի 25-ին Մեխակ Հարությունյանի դեմ կատարված մահափորձը:
Ամբաստանյալի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ այսօրվա նիստը եւս անցել է լարված մթնոլորտում, կրկին միջադեպ է տեղի ունեցել: Ըստ նրա՝ այսօր եւս դատարան էին ներկայացել տուժողի հարազատները՝ 50-60 հոգի եւ կրկին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, թե՛ պաշտպանի եւ թե՛ Մեխակ Հարությունյանի հասցեին: Հիշեցնենք, որ նախորդ նիստին նույնպես միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ պաշտպանի պատմելով, կարգադրիչները մի կերպ էին նիստերի դահլիճից փախցրել ամբաստանյալին: