Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվերի համար 14 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հակոբի եղբորորդին) պատժի կրման ձևը փոխվել է. նա ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ տեղափոխվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Հակոբյանի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվելով բացի»,- ասաց նա։
Նշենք, որ դա ենթադրում է, որ Ստեփան Հակոբյանը առավոտյան կարող է գնալ աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։
Նկատենք, որ դեռևս նախորդ տարի մամուլում կրկին ակտիվացել էր ներման ակնկալիք ունեցող դատապարտյալների թեման: Պոտենցիալ ներվողների ցանկում շրջանառվում էր նաև Մալաթիայի ոսկու շուկայի տիրոջ՝ Սիմոն Հակոբյանի որդու՝ ԱԺ նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ անունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի և նրա հանցակից, «պրոֆեսորի տղա» ներկայացող Նարեկ Խաչատրյանի անունը:
Հիշեցնենք, որ Հակոբյանը դեկտեբերի 9-ի դատավճռով դատապարտվել է 14 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է՝ շահադիտական դրդումներով և պատվերով սպանության կազմակերպում:
Նշենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվել էր 2011 թ․ դեկտեմբերին: Սպանությունից 9 տարի անց մյուս պատվիրատուն՝ Նարեկ Խաչատրյանը, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:
Սոնա Հարությունյան