Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն չէր կարող ուշադրության չարժանանալ Հայաստանում: Հիմա, երբ խախտվել է տարածաշրջանում 100 տարուց ավել պահպանվող ստատուս-քվոն, Հայաստանը պետք է ռացիոնալ կերպով արձագանքի ստեղծված նոր իրադրությանը: Ակնհայտ է, որ միջազգային հանրության ոչ միանշանակ արձագանքի պարագայում Հայաստանը պարտավոր է վարել զգույշ և բալանսավորված քաղաքականություն: Հետևանքը կլինի այն, որ Քուրդիստանի անկախանալուց հետո հարևան երկրներում կստեղծվի անապահով վիճակ: Դա վերաբերում է հատկապես Թուրքիային, որտեղ ապրում է 20 միլիոն քուրդ: Բացի այդ, Իրաքից Քուրդիստանի միակողմանի առանձնանալը կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ հենց այս շրջանի համար, քանի որ այն շրջափակված է մնալու Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի միջև: Եվ եթե այս երկրները պաշտոնապես չճանաչեն Քուրդիստանի անկախությունը, այս վիճակը կարող է բազմաթիվ տնտեսական խնդիրների առջև կանգնեցնել Քուրդիստանին:
Այսօր արդեն Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը: Այս ամենից զատ՝ անջատողական տրամադրություններ կարող են ի հայտ գալ նաև տարածաշրջանի այլ փոքրմասնությունների մոտ: Օրինակ՝ քրիստոնյա ասորիները մինչ օրս չունեն որևէ ինքնիշխան միավորում, չնայած բազմիցս հայտարարել են նման ֆորմատով ապրելու իրենց իրավունքի և ցանկության մասին: Մինչ այժմ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն բացահայտ պաշտպանել է միայն Իսրայելը: Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ ռուսական փորձագիտական մի շարք շրջանակներ արդեն իսկ իրենց երևակայության մեջ նկարել են Իրաքյան Քուրդիստան-Իսրայել-Հայաստան առանցքը: Սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ Իսրայելի նպատակը նոր առանցքների ստեղծումը չէ: Թել Ավիվը պաշտպանում է Բարզանիին, քանի որ խաղադրույքը դրել է հենց քրդերի վրա՝ ի հակակշիռ արաբների, ելնելով «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» ասույթից: Անգամ եթե մենք փորձենք համագործակցել անկախություն ձեռք բերած քրդերի հետ, չպետք է մոռանալ, որ մենք տարբեր աշխարհաքաղաքական բլոկներում ենք լինելու: Մենք՝ եվրասիականում, քրդերը՝ արևմտյանում:
Այս պարագայում՝ հասկանալի է, որ հայկական կողմը պետք է որդեգրի այնպիսի դիրքորոշում, որը չի ազդի մյուս երկրներ հետ հարաբերությունների վրա: Որքան էլ որ Հայաստանը տնտեսական կապեր ունի Իրաքյան Քուրդիստանի հետ, որքան էլ այս տարվա գարնանը հայտարարել է մայրաքաղաք Էրբիլում հյուպատոսարանի բացման մասին՝ դեռ չի նշանակում, որ Հայաստանը պետք է մտածի Իրաքյան Քուրդիստանի անկախության ճանաչման մասին: Համաձայնեք՝ պաշտոնական Երևանը չի կարող իրեն թույլ տալ նման ճոխություն՝ թիկունքում ունենալով միջազգային հանրության և իր իսկ կողմից դեռևս չճանաչված Արցախը: Հայաստանի նախաձեռնողականությունն այս հարցում սահամանափակված է նաև Ռուսաստանի գործոնով: Ռուսաստանը չի պատրաստվում պաշտպանել կողմերից մեկին. ո՛չ Իրաքի կենտրոնական իշխանություններին, ո՛չ էլ Բարզանիին, քանի որ երկու կողմերի հետ էլ ունի կնքված պայմանագրեր՝ նավթագազային ոլորտում: Հայաստանն այս պահին չպետք է հստակ դիրքորոշում արտահայտի նաև հետևյալ պատճառով: Չի բացառվում, որ այս անկախության խաղը, որը սկսել է Բարզանին, ընդամենն իրեն քրդերի իրավունքների համար պայքարողի ամպլուայի ձևավորումն է, ինչը նրան թույլ կտա ստանալ բնակչության մեծամասնության աջակցությունը այս տարվա նոյեմբերին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ:
Ստելլա Խաչատրյան