Եթե Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը ոտք դրեց այստեղ, Թուրքիայում կհասկանան, որ մենք չկանք, մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Այս կարծիքին է հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, ինչպես նախատեսել էր ավելի վաղ, Երևան պետք է գար հունիսի 22-ին, Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթով, որը տևում է 1 ժամ 10 րոպե: Սակայն սա փոխվեց, երբ Հայաստանում սկսվեց գնալով աճող բողոքը նրա դեմ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին ուղղած խայտառակ նամակի առնչությամբ:


Facebook-ում հրապարակված Արամ Աթեշյանի բաց նամակում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գրված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։


Բազմաթիվ երիտասարդներ, հիմնականում ուսանողներ, օրերս կազմել են մի նախաձեռնող խումբ, որը դատապարտելով Աթեշյանի հիշյալ արարքը, արդարացիորեն դեմ լինելով Հայաստանի Հանրապետություն նրա այցելությանը և դա համարելով անթույլատրելի, մտադիր է նրա այցելության օրն ու ժամին օդանավակայանում բողոքի միջոցառում կազմակերպել: Արամ Աթեշյանը հասկանալով, որ կարող է առավել խայտառակվել, եթե օդանավակայանի շենք մտնելիս հազարավոր մարդիկ իրեն դիմավորեն իր և Էրդողանի պատկերները կրող պաստառներով, թուրքական դրոշակներով, պախարակող վանկարկումներով, որոշել է խորամանկել և այլ կերպ այցելել Հայաստան:


«Վախեցավ Արամ Աթեշյանը և փոխեց իր ուղին դեպի Մոսկվա, ինքը հունիսի 16-ին թե 17-ին Ստամբուլից պետք է մեկներ Մոսկվա, գուցե արդեն մեկնել է, որպեսզի Մոսկվայում մի քանի օր մնալուց հետո, կաթողիկոսի հարազատ եղբոր` Եզրաս արքեպիսկոպոսի հետ, որն իր մոտ ընկերն է, նրան համոզելով, գան Հայաստան,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Սարգիս Հացպանյանը:- Հիմա սա կլինի՞, թե՞ չի լինի, այսինքն` Եզրաս սրբազանը կգնա՞ այդ մեղսակցությանը, այդ հանցակցությանը, ես չգիտեմ: Եթե նա Արամ Աթեշյանի հետ միասին եկավ, ուրեմն մեղսակից կհամարեմ Եզրաս արքեպիսկոպոսին: Ով իր հետ եկավ, նա մեղսակից կլինի այդ արարքում, ավելին ասեմ` ով չի դատապարտում նրա այդ բաց նամակը Էրդողանին, նրա խայտառակ արարքը, կարծում եմ, մեղսակից է նրան»:


Ըստ Սարգիս Հացպանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սկսել է մի քիչ զգուշանալ իրավիճակից, օրինակ, հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Քահանա Մելիքյանը եկեղեցու անունից հայտարարել է, որ մարդկանց իրավունքն է փոխանորդի այցի առիթով բողոքի ակցիա նախաձեռնելը, իրենք ոչ կանխարգելելու խնդիր ունեն, ոչ էլ դիմադրություն ցույց տալու, Աթեշյանի ապահովությունն ապահովելու խնդիր էլ չեն տեսնում: Ասել է նաև, որ մեզ մոտ ընդունված չէ եկող հոգևորականի համար հատուկ պահպանություն կազմակերպել, և ինքը չի կարծում, որ այդ առումով որևէ քայլ կձեռնարկվի:
«Այսինքն,- շարունակեց հասարակական գործիչը,- դա Արամին ուղարկված, այսպես ասած, մեսիջ էր, որ լսի, մեզ հետ գործ չունես, դա քո առանձին որոշելիքն է, գալիս ես, գնում ես, ինչ ուզում ես արա, բայց այդ ամենում մենք չկանք… Ֆեյսբուքում երիտասարդները կիսվում, բաժանում, տարածում էին այս տեղեկատվությունը` գրելով, որ Էջմիածինը մի կողմ կանգնեց Աթեշյանից: Չգիտեմ, ես եթե լինեի կաթողիկոսի տեղը, կզանգեի եղբորս, կասեի` լսի, գործ չունես, չխառնվես հանկարծ, սա ուրիշ տեղ է տանում, և մենք պետք է անմասն մնանք այս ամբողջից:


Ընդգծեմ, որ հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշադիր հետևում է, թե Հայաստանն արդյոք թույլ կտա՞ Արամ Աթեշյանի մուտքն այստեղ, ինչպիսին կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Սա նրա համար Հայաստանի Հանրապետությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ստուգելու փայլուն հնարավորություն է, ուզում է իմանալ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կա՞, թե չկա, այսինքն` կարո՞ղ է միայն անունը կա, ամանումը չկա: Կարծում եմ, Արամ Աթեշյանով հենց սա է փորձելու: Եթե հայ ազգը չդրսևորի այդ զգաստությունը, այդ արժանապատիվ կեցվածքը և թույլ լինի, թույլատրի այդ ստահակին ոտք դնել արյունով ու քրտինքով հեղեղված մեր սուրբ հողի վրա, մեր այս փոքրիկ հայրենիքը պղծի, ուրեմն Թուրքիայի Հանրապետությունում կհասկանան, որ մենք չկանք, մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Կարծում եմ, որ Թուրքիայի իշխանություններն են ուղղորդել Աթեշյանին, որ կատարի այդ այցը Հայաստան: Սա շատ հեռուն տանող բան է, եթե Հայաստանում կա պետություն, կա Ազգային անվտանգության ծառայություն, և եթե կա նաև արժանապատիվ հոգևորականություն, եթե կա ժողովրդի, երիտասարդության դիմադրություն, ապա պետք է ցույց տանք Թուրքիային, որ մենք կանգնած ենք ոտքի (չկարծեն, թե պառկած ենք) ու ցանկացածի պորտը, ինչպես հարկն է, տեղը կդնենք»:

 

Արթուր Հովհաննիսյան