«Medimall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.



Վիճաբանություն, փոխադարձ հարվածներ և մահ. տեսանյութ' բուքմեյքերական գրասենյակում վիրաբույժին մահվան դեպքից .

 

 

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 1965 թ. ծնված Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել:

 

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել են փորձաքննություններ:

 

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

 

 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ նշված մարմնական վնասվածքը հասցրել է 1968 թ. ծնված Հրանտ Ի.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 09.50-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:



***



Հաղթանակի աղոթք Շուշիում


Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդներն Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր առաքեցին Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում: Հաղթանակի աղոթք առաջին անգամ էր կազմակերպվել, սակայն երիտասարադները վստահ են, որ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նման առիթներ բազմաթիվ են լինելու: Երիտասարդները հաղթանակի աղոթքում խնդրեցին Աստծուն, որ օրհնությամբ լցվի Արցախ աշխարհը, որ Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ տան իրենց, որ դառնան միակամ ու միաբան, որ մնան մեկ ազգ ու մեկ եկեղեցի…

 

 

Եռօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները հոգևոր ու ազգային երգերի համերգային ծրագրով այցելեցին ԼՂՀ ՊԲ զորամասեր: Ելույթ ունեցան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը և «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը: Զինվորները մեծ աշխուժությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին թեմի երիտասարդների կողմից կազմակերպած խաղերին՝ լախտի, քաշոցի, ֆուտբոլ, վալեյբոլ և այլն: Երիտասարդները զրուցեցին զիվորների հետ հոգևոր թեմաների շուրջ:

 

 

ԼՂՀ ՊԲ N զորամասում ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը պարգևատրվեց բանակ-հասարակություն սերտ կապերի համագործակցության համար պատվոգրով: Պատվոգրի արժանացան նաև «Ծաղկազարդ» համախումբն ու գեղ.ղեկավար Լիլիթ Գրիգորյանը՝ համերգային ծրագիր ներկայացնելու և անձնակազմի բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու համար:

 

 

ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության նախաձեռնած «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին փոխանցեցին մանկատների, գիշերօթիկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաների քաջալերող նամակները: Այս անգամ նամակներ էին գրել թեմի երիտասարդց միությունների անդամները:

 

 

Ուխտավորներն այցելեցին նաև Տիգրանակերտ: Մայիսի 10-ին Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցեցին ս. պատարագի:


***


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարող է Թուրքիայից պահանջել բռնազավթված սեփականությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես կարող է Թուրքիայից պահանջել վերադարձնել եկեղեցուց բռնագանձված սեփականությունը:

 

 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է, որ ներկայումս պատմաբաններն ու իրավաբաններն աշխատում են հայցի հիմնավորվան վրա:

 

 

Հիշեցնելով, որ Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, ինչպես նաև Երուսաղեմի և Պոլսի հայոց պատրիարքությունները արդեն իսկ դատական հայց են ներկայացրել՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով վերադարձնել իրենց սեփականությունը՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Մայր Աթոռը նույնպես կարող է նման հայց ներկայացնել:


***


«Ադրբեջանը խուսափում է Հայաստանում անգամ սկաուտական շարժման սեմինարին մասնակցությունից». ՀՀ Նախագահ



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 11-ին, ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում ս.թ. մայիսի 6-11-ը անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը:

 

 

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, կարևորել սկաուտության առաքելությունն ու շարժման կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված պետությանն արժանի, կրթված և ճիշտ արժեքներ կրող, ֆիզիկապես և հոգեպես առողջ սերնդի դաստիարակությանը:

 

 

Ընդգծելով, որ Հայաստանում երեխաների և երիտասարդների շրջանում նման կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններ էլ կան, Սերժ Սարգսյանը նշել է, որ որքան շատ լինեն այդպիսի շնորհակալ աշխատանքով զբաղվող կառույցները, այնքան կշահեն պետությունն ու հասարակությունը:

 

 

Հանրապետության Նախագահը կարևորել է սկաուտական միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի ազգային սկաուտական շարժման սերտ համագործակցությունն ու տարիներ շարունակ հետևողականորեն համահայկական և միջազգային միջոցառումների կազմակերպումը, որը, Նախագահի համոզմամբ, համագործակցության, փորձի փոխանակման, ջերմ ու բարեկամական հարաբերությունների ձևավորման տեսանկյունից ևս չափազանց կարևոր է:

 

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած 1989 թվականից գործող Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը 1997 թվականից է դարձել Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ, այդուհանդերձ, կազմակերպությունը հանդիսանում է դեռևս 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության ավանդույթների կրողն ու շարունակողը:

 

 

Ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Համաշխարհային սկաուտության կողմից նախաձեռնած «Խաղաղության սուրհանդակներ» ծրագրին՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու տարածմանը և շեշտել, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ձգտող Հայաստանի համար դա չափազանց կարևոր ծրագիր է: Նախագահի համոզմամբ, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում այսօր անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված մարտահրավերների առկայության պայմաններում նման նախաձեռնություններն առավել քան կարևոր են և արդիա կան:

 

 

Նախագահը ներկայացրել է Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծել, որ Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ վստահության ստեղծման, կառուցողական բանակցությունների անցկացման համար: Այդ նպատակով մեր երկիրը նաև մասնակցում է Ադրբեջանում անցկացվող միջազգային կամ տարածաշրջանային տարբեր միջոցառումների, մինչդեռ Ադրբեջանը խուսափում է Հայաստանում այդպիսի միջոցառումներին՝ անգամ սկաուտական շարժման ապաքաղաքական սեմինարին մասնակցությունից:

 

 

Նախագահը նշել է, որ բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պետականորեն ջանքեր են գործադրվում երիտասարդների ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծման համար:

 

 

Հանդիպմանը սկաուտական շարժման գլխավոր քարտուղարը և բոլոր մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության և Հայաստանում սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցության ու մշտական ուշադրության համար, նշել, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով: Սկաուտական շարժման մասնակիցները հույս են հայտնել, որ Նախագահը միջոցառման շրջանակներում կհյուրընկալվի Բյուրականի սկաուտական բանակավայրում: