Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշխատակազմն ու աշակերտները երեկ սկսած անժամկետ դասադուլը դադարեցրել են: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի ուսմասվար Անահիտ Աղունյանը: 

Նա նշեց՝ դասադուլի դադարեցումը պայմանավորված է այն հստակ քայլերով, որ իրականացվում են հարցի լուծման համար. «Մեզ հանդիպեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը: Քննարկումներ են ընթանում դպրոցի կիսաքանդ մասնաշենքի վերանորոգման հետ կապված, դրա վտանգավորության աստիճանն են ուզում պարզել, ուզում են ամրացնել, տանիքը փոխել: Սակայն այսօր մեկ ուրիշ ծրագիր են առաջարկել՝ Ասիական զարգացման բանկի շրջանակներում դպրոցը պետք է հիմնանորոգվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հույս ունեն՝ դպրոցի հարցը ի վերջո կլուծվի:

Նրա խոսքով՝  մինչև տարվա վերջ արդեն պետք է նախագծայիյն աշխատանքներ կատարվեն. «Մեր ծնողական խորհուրդն այս պահին ժողովի է և հենց այդ հարցն է  քննարկվում: Սակայն այս ամենը հստակ չէ, դեռևս քննարկումներ են ընթանում»,-նշեց դպրոցի ուսմասվարը:

Հարցը չլուծվելու դեպքում հնարավո՞ր է կրկին բողոքի ակցիաներ սկսեն հարցին ի պատասխան՝ Աղունյանն ասաց, որ ամեն ինչ կախված է իրադարձությունների հետագա զարգացումներից:

Նշենք, որ երեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ ասված էր.

«Հարգելի՛ ծնողներ, մանկավարժներ և մեր դպրոցի հիմնախնդրով հետաքրքրված համաքաղաքացիներ, տեղեկացնեմ, որ 26.09.2017 թ. Աշտարակի Վ․Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում սկսվում է անժամկետ դասադուլ։ 

Մեր պահանջներն են՝ Դպրոցի հիմնանորոգում և անհապաղ տարրական դպրոցի տեղափոխում մոտակա դպրոց»:

Հավելենք՝ 1962 թ. գործող դպրոցը թեև նախատեսված է 200 աշակերտի համար, սակայն այս պահին դպրոց հաճախում է շուրջ 600 աշակերտ: Դպրոցի գերխնդիրներից մեկն էլ դասասենյակների բացակայությունն է: Դպրոցի տնօրինությունը տարիներ շարունակ դիմել է պատկան մարմիններին` դպրոցը վերանորոգելու համար, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի ձեռնարկվել այդ ուղղությամբ: 

Սոնա Հարությունյան