ԵՏՄ-ում 2018 թվականից այլևս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Սա նշանակում է, որ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանքներ կմաքսազերծվեն ԵՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով: Դժվար չէ կռահել, որ նման զարգացումների արդյունքում Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում, թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, միս և այլն:
Լրացուցիչ մաքսային բեռ կավելանա հատկապես այլ երկրներից մեքենաներ ձեռք բերելիս: Ներկայումս Հայաստանում մեքենաների համար մաքսատուրքը 10 տոկոս է, սակայն 2020 թվականից ուժի մեջ կմտնեն մեքենաների ԵՏՄ մաքսատուրքերը, որոնք սկսվում են 25 տոկոսից: Իսկ որոշ դեպքերում, երբ մաքսատուրքը հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, մեքենայի մաքսազերծման գինը կարող է կազմել մեքենայի արժեքի 200 տոկոսը: 2020 թվականից կթանկանան նաև Չինաստանից, Ուկրաինայից ներկրվող ավտոբուսները:
Օրինակ՝ Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք չեն ներմուծվում Ռուսաստանից և որոնց (1997-2000 թվականների արտադրության) մանրածախ գինը մոտ 4 հազար դոլար է։ 1998 թվականի արտադրության Opel Astra-ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք (գումարած ԱԱՀ և բնօգտագործման հարկ)։ Այժմ 1998թ. արտադրության Opel-ի մաքսատուրքը կկազմի մոտ 5500 դոլար (գումարած ԱԱՀ և բնօգտագործման հարկ), ինչը կշանակի որ այդ մեքենաների գինը Հայաստանում կթանկանա 2,5 անգամ։ Մի խոսքով՝ եթե հիմա էլ հայաստանցիները շարունակեն նախընտրել եվրոպական, ոչ թե ռուսական արտադրության կամ հավաքման մեքենաներ, ապա մեքենաների թանկացումը Հայաստանում շատ նշանակալի կլինի: Արդեն իսկ կարելի է ենթադրել, որ եվրոպական, կորեական արտադրության մեքենաների մաքսազերծումն այնքան թանկ է լինելու, որ ստիպված վերադառնալու ենք «Ժիգուլի»-ների և ռուսական այլ մեքենաների, որոնց գները, ի դեպ, չեն էժանանալու: Պարզապես համեմատության մեջ դրանք նախընտրելի են լինելու: Նույնը նաև ավտոբուսների մասով է: 2020 թվականից, թերևս, նորից անցնելու ենք «Գազելներ»-ի:
ՀՀ քաղաքացիների խնդիրները՝ կապված ԵՏՄ-ի հետ, միայն մաքսային դրույքաչափերի բարձրացմամբ չեն պայմանավորված: Մասնավորապես, սահմանափակվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան տեղափոխվող քաղաքացիների բեռի ծավալը: Եթե ներկայումս քաղաքացիները 50 կգ քաշով և 1500 եվրո արժողության բեռ էին կարողանում տեղափոխել, ապա 2021 թվականից հետո բեռի քաշն աստիճանաբար նվազելու է: Դրանից հետո միայն 25 կգ քաշով և 500 եվրո արժողությամբ իրերը կթույլատրվեն բերել առանց մաքսազերծման: Ակնհայտ է, որ թանկացումների պիկը լինելու է հենց 2018 թվականի սկիզբը, երբ իշխանությունները զբաղված են լինելու լրիվ այլ՝ ներկլանային հարցերի կարգավորմամբ:
Կտրուկ գնաճը, եթե անգամ չբերի բողոքի ալիքի, կամ ֆորս-մաժորի, իր ազդեցությունը թողնելու է ընտրություններին պատրաստվող իշխանությունների՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի վրա: Նման զարգացումները հարկավոր չեն նաև ռուսական կողմին, որի պլանների մեջ հայկական մայդանը բնավ էլ չի մտնում: Կարելի է ենթադրել, որ հայկական և ռուսական կողմերը կգան համաձայնության՝ նշված գործընթացը մաս–մաս իրագործելու հարցում, որպեսզի քաղաքացիները չզգան կտրուկ թանկացման էֆֆեկտը: Դրանով իշխանությունները կլուծեն իրենց հարցերը, իսկ ՀՀ քաղաքացիները վաղ թե ուշ միևնույն է բախվելու են միասնական դրույքաչափերի անցնելու ողջ «քաղցրությունը»:
Ստելլա Խաչատրյան