Հայաստանի պարենային ապրանքների շուկայում թանկացումներ են սկսվել: Նախատոնական շրջանին բնորոշ գնաճը, սակայն, մտահոգիչ է դարձել, քանի որ գների բարձրացմանը զուգահեռ վերջին օրերին էապես արժեզրկվել է նաև ՀՀ դրամը' ազդելով բնակչության գնողունակության վրա:

 

Պարենային և ոչ պարենային շուկաներում գների զգալի աճը մտահոգել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որտեղ ձևավորված հատուկ աշխատանքային խումբն այսօրվանից սկսել է ամենօրյա մոնիթորինգը Հայաստանի խոշոր առևտրային կենտրոններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ նախնական դիտարումներով' արդեն արձանագրվել են որոշ ապրանքատեսակների գների բարձրացում:

 

«Նախնական գնահատականով' նկատվում են որոշակի ապրանքատեսակների թանկացումներ, սակայն դրանք հիմնականում ներկրված ապրանքներ են, իսկ տեղական արտադրության ապրանքների շուկայում էական գնային փոփոխություններ չեն նկատվել:

 

Ներկրված ապրանքների թանկացումը, նախնական գնահատականով, պայմանավորված է տարադրամի փոխարժեքի փոփոխություններով: Վերջին մի քանի օրերի ընթացքում ազգային արժույթի արժեզրկումը չէր կարող չանդրադառնալ ներկրված ապրանքների գների վրա: Սակայն հանձնաժողովը չի սահմանափակվում սրանով, և մենք ուսումնասիրություն ենք սկսել' հասկանալու' որքանով է տարադրամի փոփոխությունը համահունչ տեղի ունեցած թանկացումներին»,- ասաց Սահակյանը:

 

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարի խոսքով' այս պահին ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, և հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով այն պետք է ավարտվի հնարավորինս արագ: «Առաջիկա օրերին հստակ կարող ենք որոշ ապրանքայիn շուկաների վերաբերյալ տալ գնահատականներ և հասկանալ, թե որքանով է գնային բարձրացումը օբյեկտիվ»,- հավելեց նա:

 

ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է անցկացնելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաներում, ինչպես օրինակ' շաքարավազի, կարագի, ձեթի, կաթնամթերքի, ձավարեղենի, հրուշակեղենի և այլն, ինչպես նաև ոչ պարենային պարանքատեսակների շուկաներում: