Ոչ մի մարմին գները կարգավորելու ֆունկցիա չունի ՀՀ-ում: Մենք չենք կարող միասնական գին սահմանել: ՏՄՊՊՀ-ն, ըստ օրենքի, շուկայում գերիշխող դիրք կամ մենաշնորհ ունեցող տնտեսվարողների վարքը կարգավորող մարմին է: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Մենք գործ ունենք անելու, երբ նշածս տնտեսվարողներն արհեստականորեն գին են բարձրացնում կամ իջեցնում: Հայաթի բուդկան, եթե գին բարձրացնի, մենք ոչինչ չենք կարող անել: Հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված, պարետի դիմումով՝ մենք քառասունչորս ապրանքային շուկայում ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում ենք իրականացնում, մեզ օգնում են մարզպետարանի աշխատակիցները: Բոլոր շուկաներում հետևում ենք գների դինամիկաներին, տնտեսվարողներն էլ, իրավիճակով պայմանավորված՝ մեզ տրամադրում են ապրանքների ձեռքբերման գները: Եթե թվերի մեջ տեսնում ենք մտահոգիչ փաստեր, սկսում ենք ստուգման գործընթաց»,- ասաց Գևորգյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս պահին բոլոր ապրանքաշուկաներում կան սկսված ստուգման գործընթացներ: Անդրադառնալով թանկացումներին՝ Գևորգյանը նշեց, որ դրանք մեծամասամբ պայմանավորված են արտարժույթի բարձրացմամբ կամ ներմուծման թանկացումների հետ, ամեն դեպքում բոլոր թանկացումների հետքերով հանձնաժողովը գնում է:


«Այսօրվա տվյալներով բոլոր ապրանքների գները նվազել են: Տեղական արտադրության գյուղատնտեսկան ապրանքների գինը ևս նվազել է: Շուկան շնչում է ու կարգավորում ինքն իրեն: Մենք ունենք որոշակի թանկացումներ, բայց այն աղաղակող փաստերը, թե գները կրկնակի աճել են, կեղծ են»,- նշեց նա:

Գևորգյանը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող և կարիքն էլ չկա սահմանափակել ապրանքների վաճառքը, որովհետև դա կարող է անիմաստ ու ավելորդ խուճապ առաջացնել հանրության շրջանում: Չեն կարող նաև այս կամ այն գնով վաճառք իրականացնել. «Եթե թանկով բերված ապրանքը ստիպենք ցածր գնով վաճառել, հինգ րոպե հետո կձևավորվի սև շուկա, ինչպես եղավ դիմակների դեպքում: Մենք հայտարարեցինք, որ, եթե դիմակների գները բարձրացվեն, տնտեսվարողը կտուգանվի, տնտեսվարողն էլ սկսեց տակից վաճառել, որովհետև թանկով էր ներկրկրել: Մենք հիմա փաստեր ունենք, որ էն օրերին, երբ դիմակի դեֆիցիտ էր, տակից դիմակ վաճառողներ կային»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քննարկման ավարտին հորդորեց Գևորգյանին ամենօրյա անընդհատ ռեժիմով ինֆորմացիա տրամադրել հասարակությանը, որպեսզի թանկացման մասին կեղծ լուրերը խուճապ չառաջացնեն: