Հայաստանում պարենային ապրանքների գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 2.5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 22.7 տոկոս գնաճով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվել է 0.1 - 22.7 տոկոս գնաճ, 4-ում՝ 0.4 - 0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվ ա մակարդակը:

 

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 13.3 տոկոս, իսկ վերջին մեկ ամսում' 22.7 տոկոս գնաճ: Այս ընթացքում կանաչ լոբու գինն աճել է 35.3, վարունգինը՝ 37.9, կանաչ պղպեղինը'47.3, լոլիկինը 76.4 տոկոսով, իսկ սմբուկը թանկացել է 2.4 անգամ։

 

Հոկտեմբերի համեմատ նոյեմբերին սնկի գներն աճել են 0.9 տոկոսով, ճակնդեղինը՝ 1.3, կաղամբինը՝ 1.8, սխտորինը՝ 3.4, գազարինը' 4, գլուխ սոխինը՝ 4.6, կարտոֆիլինը' 13.3, կանաչ սոխինը՝ 13.7, խառը կանաչեղենի գները՝ 16 տոկոսով։ Մեկ ամսում նվազել են ծաղկակաղամբի (6.4 տոկոսով) և բողկի (3.1 տոկոսով) գները:

 

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1 տոկոս, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի՝ 3, թթվասերի՝ 3.1 և մածունի 3.4 տոկոս գնաճով: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.5, 1.5 և 1.7 տոկոս գնաճ:

 

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ նվազել է 2.4 տոկոսով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 0.5-17 տոկոս գնաճ, իսկ մայրաքաղաքում՝ 1.9 տոկոս գնանկում:

 

Մրգի ապրանքախմբում 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.4 տոկոս, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի՝ 1.4, չամիչի՝ 1.7, չորացրած մրգի՝ 11.2, ընկույզի միջուկի՝ 14.5, խաղողի՝ 18.6 և դեղձի 21.1 տոկոս գնաճով: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ադամաթզի գինն աճել է 0.6 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մանդարինի՝ 27.1, նարնջի՝ 18, կիտրոնի՝ 17.2, նռան՝ 7.9, տանձի' 6.4 և արքայանարնջի 4.8 տոկոս գնանկում:

 

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.4 տոկոս, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5 տոկոս գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է սիսեռի՝ 0.5 տոկոս, մանկական շիլայի՝ 0.5 տոկոս, թխվածքաբլիթի՝ 0.9 տոկոս, ոլոռի' 1.5 տոկոս, բրնձի' 2.8, բլղուրի' 2.9, ոսպի՝ 3.3, լոբու՝ 4.1 և հնդկացորենի 6.6 տոկոս գնաճով:

 

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.4, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.4, հրուշակեղենի 0.8 տոկոս գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.5 տոկոսով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1 տոկոս գնանկում: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հավի բդի՝ 1.7, տավարի մսի՝ 0.9, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ) 0.7 տոկոս գնանկում: Միաժամանակ, խոզի միսը թանկացել է 0.4 տոկոսով, խոզապուխտինը՝ 0.4 տոկոսով, եփած և կիսաապխտած երշիկներինը՝ համապատասխանաբար 0.5 և 0.6 տոկոսով, աղացած մսինը՝ 0.6, թռչնամսինը՝ 0.7, նրբերշիկինը՝ 0.9, բաստուրմայինը՝ 1.4, ոչխարի մսինը՝ 2.1տոկոսով։

 

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4 տոկոս գնանկում: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի և այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է գնանկում՝ կազմելով համապատասխանաբար 0.2 և 0.1 տոկոսով: