Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում՝ թանկացել են ոչ միայն միրգը, բանջարեղենը, այլեւ կարագը, ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճ: Այդ թանկացումների վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել մսի` 2.4, մրգի` 3.3 եւ բանջարեղենի` 6.5 տոկոս թանկացումը: Ձուկը եւս թանկացել է 100 դրամով: Եթե մի քանի օր առաջ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ը վաճառվում էր 1900 դրամով, ապա երեկ այն 2000 դրամ էր:
Խորհրդարանական ընտրություններից հետո այլուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար՝ բարձր տեսակի 50 կիլոգրամանոց պարկի հաշվարկով: Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար, 40 ցենտ: Այսինքն, նոր Հայաստանում դեռևս գործում են հին Հայաստանին բնորոշ մոնոպոլ երևույթները: Օղիները թանկացել են 30-50 դրամով: Պաշտոնապես, ալկոհոլային խմիչքը թանկացել է 0.3 տոկոսով: Կաթնամթերքի եւ ձվի շուկաներում գնաճը կազմում է 1 տոկոս, ինչին նպաստել է ձվի 5.9 տոկոս գնաճը: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասսայական անկման դեպքերի հետ: Թանկացել են նաեւ սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքները, հացաբուլկեղենը:
Բացի այդ, թանկացել է ոչ միայն տեղական արտադրության, այլեւ ներմուծված ծխախոտը:Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել է 50 դրամով` 550-ից դառնալով 600 դրամ: Իսկ ահա ներկրված «Slims» տեսակի սիգարետի մեկ տուփը 420-ից դարձել է 450 դրամ` թանկանալով 30 դրամով: Մինչ այս՝ ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 տուփ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել է 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտն արդեն թանկացել էր 35 դրամով: Ամռան ամիսների համեմատ, բանանի գինը կրկնակի աճել է: Եթե մայիսի հայտնի իրադարձություններից հետո քննարկման թեմա էր դարձել, որ բանանը վաճառվում է 400-420 դրամով, ապա այժմ բանանը վաճառվում է մինչեւ 850 դրամով: Մասնավորապես, «Երեւան Սիթի» եւ «Նոր Զովք» սուպերմարկետներում բանանի գինն այս օրերին տատանվում է 520-540 դրամի սահմանում:
Մոտ երկու ամիս առաջ հեղուկ գազի շուկայում ևս թանկացումներ են գրանցվել: Պարզապես քաղաքական գործընթացները թույլ չէին տալիս դա նկատել։Գազալցակայաններում տեղյակ չեն, թե ինչ անտեսանելի ձեռք է միջամտել հեղուկ գազի գնի ձեւավորմանը: Բայց բոլորը խոսքները մեկ արած՝ թանկացրել են: Առաջին սպառման ապրանքների թանկացումից զատ, Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին այլ նվերներ էլ էին սպասվում: Մասնավորապես՝ ամանորյա նվեր էր Երևան-Արմավիր երթուղու թանկացումը, ինչը զգալի հարված է հատկապես ուսանողների ու սոոցիալապես անապահով խավի համար:
Տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է էժանացել այս ընթացքում: Թերևս միայն բենզինը: Իսկ միակ սոցիալական ծրագիրը, որը այս 8-9 ամիսների ընթացքում իրագործել է նոր կառավարությունը՝ սահմանափակ թվով թոշակառուների կենսաթոշակների չնչին բարձրացումն է, ինչը, համաձայնեք՝ բավարար չէ առկա գնաճի պայմաններում, անգամ ծայրը ծայրին հասցնելու համար: Կառավարությունից սպասվում են ռեալ քայլեր, որոնք շոշափելիորեն կբարելավեն փոփոխությունների համար ժամանակին փողոց դուրս եկած քաղաքացիների սոցիալական պայմանները. չէ՞ որ նրանց պայքարը հենց դրա համար էր, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի պոպուլիստական հայտարարությունների և դրանց ֆոնին ծավալվող տոտալ թանկացումների...
Ս.Խաչատրյան