Հայաստանի Հանրապետությունում հունվարին, դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գնաճը կազմել է 5.3 տոկոս: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա հունվարին, 2013թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 9.3 տոկոս, իսկ 2013 թ. դեկտեմբերի համեմատ' 41.6 տոկոս գնաճ: Այդ մասին փետրվարի 5-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «2014 թվականի հունվարին, 2013 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.3 տոկոս գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 10.6- 41.6 տոկոս գնաճը»,-նշեց Մարտիրոսյանը:

 

Նա ասաց, որ այս տարվա հունվարին, 2013 թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սնկի' 5.9 տոկոս, գլուխ սոխի' 13.6 տոկոս, սխտորի' 14.3 տոկոս, կաղամբի' 22.2, ճակնդեղի' 23, գազարի' 25.5 տոկոս, բողկի' 31.4 տոկոս, կարտոֆիլի' 31.9 տոկոս, վարունգի' 35.8, կանաչ պղպեղի' 39.6, լոլիկի' 49.3 տոկոս, սմբուկի' 57.5, կանաչ սոխի' 59 տոկոս, խառը կանաչեղենի' 2.1 անգամ գնաճ:

 

Բաժնի պետը տեղեկացրեց, որ այս տարվա հունվարին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 30.2 տոկոս: «Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92 տոկոս տեսակարար կշիռ' նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 3 տոկոսային կետով»,- նշեց Մարտիրոսյանը: Բաժնի պետը նշեց, որ սպառողական գների ընդհանուր աճին խիստ նպաստել է կարտոֆիլի թանկացումը: «Բավական էր, որպեսզի կարտոֆիլը չթանկանար, հանրապետության սպառողական շուկայում գնաճը կկազմեր 1 տոկոսի սահմաններում»,- նշեց ԱՎԾ ներկայացուցիչը:

 

Նրա տեղեկացմամբ՝ մրգի ապրանքախմբում այս տարվա հունվարին 2013թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ' 10.6 տոկոս գնաճ: «Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճին մեծապես նպաստել է ադամաթզի' 14.2 տոկոս, խնձորի'15.8 տոկոս, խաղողի'16.0 տոկոս, մանդարինի' 16.1 տոկոս, նռան' 18.2 տոկոս, տանձի'19.3 տոկոս, արքայանարնջի' 37.7 տոկոս թանկացումը»,- նշեց Մարտիրոսյանը:

 

Այս տարվա հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի' 3.5 տոկոս, նարնջի' 7.5 տոկոս, կիտրոնի' 9.9 տոկոս գնաճ: «Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գներն աճել են 7.6-ից 23.8 տոկոսով»,- նշեց բաժնի պետը: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 8.7 տոկոսով: