Հայաստանում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների 1.6 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձվի՝ 6.4 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 15.3 տոկոս գնաճով: Պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-15.3 տոկոս գնաճ, 3-ում՝ 1.0-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 12.7 տոկոս, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ' 15.3 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարտոֆիլի' 15.5 տոկոս, սմբուկի՝ 19.7 տոկոս, կանաչ պղպեղի' 29.9 տոկոս, սխտորի՝ 31.3 տոկոս, լոլիկի 89.6 տոկոս գնաճով:
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խառը կանաչեղենի՝ 1.4 տոկոս, կաղամբի՝ 4.2 տոկոս, գլուխ սոխի՝ 5.4 տոկոս, սնկի՝ 6.5 տոկոս, կանաչ սոխի՝ 6.8 տոկոս, ծաղկակաղամբի՝ 7.4 տոկոս, վարունգի՝ 11.0 տոկոս, կանաչ լոբու 12.9 տոկոս գնաճ: Միաժամանակ, բողկի գինը նվազել է 30.1 տոկոսով, ճակնդեղինը՝ 9.9 տոկոսով, գազարինը' 8.6 տոկոսով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 6.9-20.2 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 15.8 տոկոսով:
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 3.9 տոկոսով, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 4.1-17.6 տոկոս գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.1 տոկոսով:
2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 6.5 տոկոս, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ՝ 1 տոկոս գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.7 տոկոս գնաճով:
2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.6 տոկոսով, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.5 տոկոսով: Վերջինս հիմնականում բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 0.8 տոկոս, բաստուրմայի՝ 0.9 տոկոս, խոզի մսի՝ 1.3 տոկոս, խոզապուխտի՝ 1.3 տոկոս, նրբերշիկի՝ 1.3 տոկոս, եփած և կիսաապխտած երշիկների՝ համապատասխանաբար 1.5 տոկոս և 1.8 տոկոս, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 14.8 տոկոս գնաճի արդյունք է: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ոչխարի մսի՝ 0.2 տոկոս, թռչնամսի՝ 0.2 տոկոս, ենթամսամթերքի՝ (տավարի լյարդ, սիրտ) 0.5 տոկոս գնանկում, իսկ տավարի մսի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.1 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում), իսկ մեկում գրանցվել է 1 տոկոս գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.7 տոկոսով:
2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 5.1 տոկոս, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Չեդեր», «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.4 տոկոս, 0.9 և 1.5 տոկոս գնաճով:
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի՝ 0.1 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1 տոկոս, հրուշակեղենի՝ 0.1 տոկոս, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.1 տոկոս, այլ մթերքի 0.4 տոկոս գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մրգի ապրանքախմբում 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.7 տոկոս գնաճ, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ՝ 1 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արքայանարնջի՝ 43.6 տոկոս, նռան՝ 30.7 տոկոս, տանձի' 10.9 տոկոս, նարնջի՝ 7 տոկոս, կիտրոնի՝ 6.6 տոկոս, խաղողի 1.8 տոկոս գնանկումով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 0.5 տոկոս, խնձորի՝ 0.7 տոկոս, ընկույզի միջուկի՝ 9.4 տոկոս, չորացրած մրգերի՝ 11.9 տոկոս, սալորի՝ 22.6 տոկոս, ձմերուկի՝ 24.9 տոկոս, սեխի՝ 32.2 տոկոս, դեղձի 40.1 տոկոս գնաճ:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է մրգի' 6.4-0.4 տոկոս գնանկում, իսկ 5-ում՝ 1.5-5.0 տոկոս հավելաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2 տոկոսով: