Հայաստանի սպառողական շուկայում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7 տոկոս հավելաճ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.6 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը' 106.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 103 տոկոս:

 

2014թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4 տոկոս, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (0.5%):

 

2014թ. հունվար-դեկտեմբերին 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը' 102.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 101.7 տոկոս, ծառայությունների սակագներինը' 105.1 տոկոս:

 

2014թ. դեկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 124.2 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 128.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝116.8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 120.4 տոկոս:

 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.7-4 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.7 տոկոսով: