ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով: Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները' թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի խանգարում: Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին' ցավոք նրա կյանքը չհաջողվեց փրկել:
Երեկ բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել Արարատի մարզում
Մարտի 5-ին սննդային թունավորման' բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղի օգտագործումն է:
Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները' թուլություն, սրտխառնոց, կոպի իջեցում: Հիվանդը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:
Հիշեցնենք' բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը կլոստրիդիում բոտուլինումն (Clostridium botulinum)-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում' հողի մեջ, սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Այդ հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, 20-370C ջերմաստիճան և 4.6-ից բարձր թթվայնություն (pH) ունեցող միջավայր, որտեղ սպորները վեր են ածվում վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն' բոտուլաթույն: Հարուցիչը ոչնչանում է միայն հատուկ սարքերում' ավտոկլավներում' բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ: Բոտուլաթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են' սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման' պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
• Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: