Երեւանում մեկնարկել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ. գործունեության ծրագրի համաձայն անցկացվող լսումների շրջանակում զեկույցներով հանդես կգան ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
 
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հստակեցրեց, որ հիբրիդային պատերազմ տերմինն ի հայտ եկավ 2005 թվականին՝ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համակցման փաստաթղթերում, եւ ամբողջ իմաստն այն է, որ բացի զուտ ռազմական ուժի կիրառման ճանապարհով հակառակորդի վրա ազդեցություն թողնելու այլ հնարավորություններ ու մեխանիզներ կան՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական և այլն։
 
«Այսօր հիբրիդային պատերազմն անչափ կարևորվում է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլեւ հակամարտությունների ընթացքում: Սա բավականին բարդ տեխնոլոգիաներ է ենթադրում և ցանկացած երկիր իր անվտանգության համակարգը բարձրացնելու համար պարտավոր է մտածել սեփական անվտանգային համակարգը այնչափ կատարելագործել, իմունային հատկություններն այնպես բարելավել, որ կարողանան արդյունավետ հակազդել հիբրիդային ազդեցություններին»,-ասաց Հարությունյանը: