Գյումրի կատարած այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացավ Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացված աշխատանքներին:
Գյումրիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոցի Ռուսթավելի և Շիրազի փողոցների վերականգման առաջին փուլն ընթացքի մեջ է: Նշենք, որ ներկայումս իրականացվում են Սայաթ-Նովա փողոցը Շիրակացու փողոցին կապող Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Փողոցի վերականգնման հիմնական մասն արդեն ավարտված է:
Փողոցը ոչ միայն հիմնանորոգվում է, այլ նաև փողոցով անցնող բոլոր կոմունիկացիոն համակարգերը՝ էլեկտրասյուներն ու գազի խողովակները վերգետնյայից դարձել են ստորգետնյա:
Ռուսթավելի փողոցը գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում: Փողոցի երկարությունը կազմում է 740 մետր լայնությունը՝ 11.5 մետր: Իրականացվել են փողոցի ծածկի վերին շերտի բետոնային աշխատանքեր և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ, աղբամաններ և ծաղկամաններ: