«Փետրվարի 18-ից հետո մեր ժողովրդի հերթական ընդվզումը բոլորիս ստիպում է լրջանալ եւ հասկանալ, որ այլեւս մենք տարիներ չունենք ըստ էության փոփոխություններ կատարելու, այլ շատ ավելի կարճ ժամանակ: Անշուշտ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ ամբողջում ունի իր ներդրումը եւ այսօր իր խոսքից շատ բան է կախված: Մենք հույս ունենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորինս քիչ սխալներ կանի եւ վերջապես ճիշտ ռազմավարություն կընտրի եւ միասնաբար օր առաջ կհասնենք մեր նպատակին»,- գնահատելով հետընտրական զարգացումները, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ի՞նչ սխալներ նկատի ունեք հարցին, Ժիրայր Սեֆիլյանը տվել է հետեւյալ պատասխանը.

«Այսինքն չպետք է կատարվեն այնպիսի քայլեր, որոնք, ըստ էության, մեր ժողովրդի կողմից դրական չի ընկալվելու, դժվար չէ կռահել, թե մեր ժողովուրդը ինչ չի ուզում եւ ինչ է ուզում: Պետք է դրան ուշադրություն դարձնել, եւ այն ուժերը, որոնք կապ են ունեցել այս հանցավոր ռեժիմի հետ՝ անցած տարիների ընթացքում այդ ուժերի հետ որեւէ, այսպես ասած, գործակցության նպատակով շփումը, կամ առհասարակ հրապարակային շփումը մեր ժողովուրդը խիստ բացասական է ընդունում»: Ըստ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամի' պետք է օր առաջ ճահճից դուրս գալ: Ժիրայր Սեֆիլյանը անդրադարձել է նաեւ երեկ Ազատության հրապարակում՝ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ իշխանությունը պետք է վերցնել մաս- մաս: «Խորհրդարանում ինչ տեղի էր ունենում օրեր առաջ, ես նկատի ունեմ այն բանակցությունները Ժառանգության, Դաշնակցության եւ Հանրապետական ներկայացուցիչների եւ երեկվա Դաշնակցության գործչի ելույթը իմ մոտ տպավորություն են ստեղծում, որ կարծես Սերժ Սարգսյանը նրանց որպես միջնորդ փորձում է օգտագործել' մերթ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, մերթ մեր ժողովրդի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Երեկվա Արմեն Ռուստամյանի ելույթը իմ մոտ այդպիսի տպավորություն է ձեւավորել, հույսով եմ սխալված կլինեմ»,- մեզ հետ զրույցում նշել է Ժիրայր Սեֆիլյանը:

Փայլակ Ֆահրադյան