Երևանում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը, որին մասնակցում են հայկական և միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկաներին ողջունել է Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեն։
Նա նշել է, որ այս համաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է դեռևս մեկ տարի առաջ և համաժողովի անցկացմանը աջակցելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։ Նրա խոսքով՝ երկու պետությունների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում այս ոլորտին, այն տնտեսության հենասյուներից է և մեծ ապագա ունի։
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում Կանադայի դեսպանատանը համաժողովի կազմակերպման և անցկացման համար։ Նախարարի տեղակալը ներկայացրել է հայկական ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները, հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի այս ոլորտում հայ-կանադական գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը։
«Հայաստանի և Կանադայի ՏՀՏ ընկերությունների փորձը հնարավոր է օգտագործել երկու երկրների համար։ Կարևոր է գտնել այն բանաձևը, թե որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք ՏՀՏ նախաձեռնություններին՝ լինի դա պետական, թե մասնավոր մակարդակներում»,- ասաց Բորիս Դեմիրխանյանը։
Հայ-կանադական ՏՀՏ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Այն նպատակ ունի քննարկելու և ներկայացնելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, գտնելու միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։