Քրեակատարողական ծառայությունում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի միջև: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց` առողջության իրավունքից օգտվելու հետ կապված հարցեր, այդ թվում` այդ իրավունքի մատչելիության, հասանելիության առողջապահական ծառայությունների, բժշկական սարքավորումների որակի, ինչպես նաև խտրականության բացառման և առողջության հետ կապված կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Քննարկվեցին նաև քրեկատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության տրամադրման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը եղավ «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, լսեց դատապարտյալներին, ծանոթացավ բժշկական ծառայությունների մատուցման և տեղադրված սարքավորումների որակին, առկա խնդիրներին և իրականացված բարեփոխումներին: