ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը Երևանից է կախված: Այսպիսի հայտարարություն է արել եվրասիական ինտեգրման հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովների բացմանը:
 
«ԵՏՄ-ն բաց է բոլոր մասնակիցների համար, սակայն տվյալ դեպքում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա»,- ասել է նա: Այն որ ԵԱՏՄ նոր երկրի անդամակցության հարցը որոշվում է կոնսենսուսային եղանակով, և Հայաստանը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից և արգելք դնել Ադրբեջանի անդամակցության վրա՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ: Առավել ուշագրավ է Գլազևի մեկ այլ հայտարարություն՝ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Ստեղծված իրավիճակում, եթե Հայաստանը օգտագործի վետոյի իր իրավունքը դա կենթադրի, որ մենք կասկածի տակ ենք դնում տարածաշրջանային անվտանգությունը: Արդյո՞ք ռուսական կողմը սրանով փորձում է հասկացնել, որ Հայաստանի դիմադրության պարագայում, ինքը այդ խաղաղությունը այլևս չի երաշխավորի: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Ադրբեջանում այդ հարցը քննարկողներին ամենաքիչը հետաքրքրում է հարցի մասին Հայաստանի կարծիքը, այդպիսով փաստացի ակնարկելով, որ եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել՝ Հայաստանը արգելք չէ, թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մոսկվան հանգիստ կարող է հանել այդ արգելքը:
 
Արևմուտքի հետ հակասությունները խորացրած Ռուսաստանին այժմ օդի և ջրի պես նոր հաջողություններ է պետք արձանագրել և եթե Ադրբեջանը մտնի ԵՏՄ, ապա ռուսների համար իրենց ինտեգրացիոն քաղաքականության իրագործման տեսանկյունից սա լուրջ հաջողություն կդիտարկվի: Գումարած դրան, Ռուսաստանը այլ օգուտներ ևս կունենա ի դեմս նավթի ու գազի վաճառքի: Եվ դրա գինը, եթե Ռուսաստանը վճարի, լինելու է Ղարաբաղը: Բայց այստեղ մեծ թերահավատություն կա: Առաջին թերհավատությունն այն է, որ Ռուսաստանին ի վերջո կհաջողվի որևէ բան պարտադրել Հայաստանին Ղարաբաղի հարցում, մյուսն այն է, որ Ալիևն ինքը չի ուզենա, որովհետև բոլորի համար էլ հասկանալի է՝ Ղարաբաղն Ալիևին պետք չէ, դա պարզապես սեփական ժողովրդին ճնշելու և հսկայական ռազմական ծախսեր անելու անչափ հարմար պատրվակ է:Եթե Ալիևը մտնի ԵՏՄ, նշանակում է իր անձնական եկամուտներն ու շահերը կիսելու է Մոսկվայի հետ, այսինքն՝ իր գլխին վերահսկիչ է լինելու: Այսօր ոչ ոք իրականում չգիտի, թե որքան նավթ է վաճառում Ալիևը: Հետևաբար, երբ մենք Ալիևի շահերի տեսակետից համադրում ենք, թե իրեն ինչ է պետք՝ Ղարաբաղը, թե՞ նավթն ու գազը, ակնհայտ է՝ երկրորդը: Մյուս կողմից էլ, Ադրբեջանը ներկայում հայտնվել է միջազգային իզգոյի իրավիճակում, եւ չի բացառվում, որ հենց այս հանգամանքն է ակնարկում Մոսկվան, ասելով, որ առևտրի պատճառ չունի, կամ էլ անդամակցությունը փաստացի լինելու է Հայաստանի պայմաններով:
 
Եթե այնուամենայնիվ, ռուսական կողմը համոզի հայաստանյան իշխանություններին, և վերջիններս չընդիմանան Բաքվի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ապա մենք ունենալու ենք հետևյալ պատկերը: Բելառուսիան ադրբեջանամետ է, Ղազախստանն էլ, Ղրղզստանը այս հարցում ոչնչով չի տարբերվում: Կստացվի՝ չորս երկիր կսատարեն միմյանց: Հայաստանն այդ միության մեջ աջակիցներ չի ունենա և մեր դիրքերն այդ առումով կթուլանան: Բացի այդ անդամակցող երկու երկիր պիտի ունենան փակ սահման: Դա արդեն իսկ նորմալ չէ: Սակայն իրավիճակին կարող ենք նայել այլ կողմից ևս: Ադրբեջանի ներկայությունը Եվրասիական կազմում տեսականորեն բխում է Հայաստանի շահերից, որովհետև Ադրբեջանը կլինի այն պետությունների թվում, որոնք շահագրգռված չեն պատերազմի վերսկսմամբ: Որքան մեծ լինի Ադրբեջանի վրա Մաքսային միության անդամ երկների ազդեցությունն, այնքան դա կբխի ՀՀ շահերից:
 
Ստելլա Խաչատրյան